Աղոթքի «Փենուել» համաժողովի առաջին փուլն ավարտվեց Տիրոջ փառավոր ներկայության մթնոլորտում: Արդեն  5 օրշարունակ մարդիկ առատորեն լցվում են Աստծո Խոսքով, կիսվում իրենց հայտնություններով և է՛լ ավելի միաբանվում Տիրոջանվան շուրջ:

Այսօրվա երկրորդ մասը սկսվեց Փիլիպ Ռենների առաջնորդած փառաբանությամբ, ինչից հետո քարոզեց Կանզաս Սիթիի «Աղոթքի միջազգային տան» ուսուցիչ և ավետարանիչ Քորի Ռասսելը:

Վերջին ժամանակներում Աստված աղոթքի Հոգի է բարձրացնելու Իր Եկեղեցում, որը հզոր զենք և մեծ արթնության սկիզբ է լինելու: Քորի Ռասսելի խոսքով՝ աղոթքի Հոգով լցված կյանքն սկսվում է Աստծուն և Աստծո Խոսքին «սիրահարվելուց»: Մենք պետք է սիրենք Տիրոջ Խոսքը և հաճույք ստանանք այն ընթերցելիս:

Հովիվ Ռասսելը նկատեց, որ այսօր աշխարհի տարբեր բնագավառներից  լայնածավալ դուրս է արվում Տիրոջ Խոսքը, ինչը տեսնելով՝ որպես Տիրոջ Եկեղեցի չպետք է լռենք:

«Հայաստանի Եկեղեցի՛, վախի և անհուսության ժամանակ չէ, այլ՝ Տիրոջ փառքի, մեծ արթնության և  հայտնության Հոգու ժամանակաշրջանն է»,- ասաց հովիվ Ռասսելը՝ նշելով, որ  Աստված պատրաստում է Իր Աղոթքի Տունը մեր բարեխոսությունների համար:

Ծառայությունից հետո Քորի Ռասսելն աղոթեց այն հավատացյալների համար, ովքեր որոշում կայացրին իրենց մասնակցությունն ունենալ վերջին ժամանակների արթնության այդ պատմական գործին:

Օրվա վերջում ծառայությունն անցկացրեց հովիվ Արթուր Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այսօր մարդիկ, ավելի քան երբևէ, ունեն մեր ծառայությունների կարիքը: Նրանք սպասում են մեզ:

Տիրոջը ծառայելու համար պետք են ոչ թե կարգադրություններ, այլ՝ սիրտ: Հովիվ Արթուրը նշեց, որ յուրաքանչյուրս ունենք միսիա, որը պետք է իրականացնենք սրտացավությամբ: Ծառայությունն առանց սրտացավության, նույնն է, թե՝ «հեծանվորդն առանց հեծանիվի»: Ցանկացած բնագավառում սրտացավությամբ լի ծառայությունը մեծ արթնության սկիզբ է:

«Ես հավատում եմ, որ մեր եկեղեցին կլինի աղաղակող Եկեղեցի, որին դժոխքի դռները չեն հաղթի»,- ասաց հովիվ Արթուրը: Նա ներկաներին կոչ արեց լինել մեկը, ով իր ծառայությամբ կբարձրացնի մարդկանց և կառաջնորդի դեպի փրկությունը:

«Եղի՛ր վերջին ժամանակների քրիստոնյա, տարածի՛ր Ավետարանի լուրը ամենուր՝ մինչև աշխարհի ծայրը»,- եզրափակեց հովիվ Արթուրը՝ հորդորելով՝ չսպասել «վաղվան», քանի որ այն կարող է այդպես էլ չգա:

Վերջում Միսթի Էդվարդսի առաջնորդությամբ տեղի ունեցավ զորավոր երկրպագություն և աղոթք, իսկ առջևում սպասվում են Տիրոջ Խոսքից նորանոր հայտնություններ և, իհարկե, երկրպագության վարպետության դասեր Ֆիլիպ Ռենների, Միսթի Էդվարդսի և Արթուր Արեսկինի կողմից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: