Հիսուս Քրիստոսն ասաց. “…Ինձ տեսնողը Հորը տեսավ…” (Հովհ. 14.9), այսինքն` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ են: Եթե Նրանցից մեկին ուրանում ես, ուրեմն մյուսին էլ չես հավատում: Այս աստվածաբանական փաստը մեր հավատքի հիմքն է:

Որոշ կրոնական խմբեր քարոզում են, թե Հիսուս Քրիստոսը հրեշտակ է, ոչ թե Աստված: Որոշ կրոններ Հիսուսին որպես մարգարե են ընդունում: Սակայն Սուրբ գրքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը միակ ճշմարիտ Աստվածն է և Փրկիչը: Որպես մարգարե` Նա չէր կարող մարդկանց փրկել, որովհետև միայն Աստված կարող է փրկել մեղավոր մարդուն:

Ինչպես ջուրը հանդես է գալիս երեք վիճակով` հեղուկ, պինդ և գազային, բայց ունի նույն` H2O բանաձևը, այնպես էլ Աստված մեկ է, բայց Իրեն հայտնում է երեք անձով` Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված:

Արարչագործության ողջ ընթացքում Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին էին գործում: Ծննդոց գրքում հոգնակի թվով է ասվում. “Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ ստեղծենք…” (Ծննդ. 1.26): Առակաց գրքում գրված է. “…ի սկզբանե երկրի առաջ գալուց առաջ Ես Նրա մոտ ճարտարապետ էի…” (Առակ. 8.23-30):

Սիրելինե°ր, շատ կարևոր է ճիշտ աստվածաբանական հիմք ունենալ, որպեսզի ոչ ոք չկարողանա մեզ մոլորեցնել: Եթե մարդիկ ասեն, թե ընդունում են Հորը, բայց միևնույն ժամանակ ուրանան Որդուն, ուրեմն Հորն էլ են ուրանում: Ճշմարիտ քրիստոնեությունն այն է, երբ դավանում ես Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: