Մենք` որպես քրիստոնյաներ, պետք է գիտակցենք, որ սատանան անընդհատ ինչ-որ հնարքներ է ծրագրում մեր դեմ, և երբեք զինադադար չի լինում: Նա սկզբից  քրիստոնյաներից խլում է աղոթքը, Աստվածաշունչը, որից հետո մեր հավատքը նավակոծության է ենթարկվում: Հետևաբար, մենք իրավունք չունենք թուլանալու, հոգնելու և մեր հաղթանակի զենքերը վայր դնելու:

Այսօր շատ քրիստոնյաներ փորձում են պայքարել սատանայի հնարքների դեմ, սակայն պարտվում են, որովհետև հոգևոր զենքերի փոխարեն «զինված են» հեռուստացույցի վահանակով: Շատերն իրենց կյանքում Աստվածաշնչի ընթերցանության և աղոթքի բացակայությունն արդարացնում են իրենց զբաղվածությամբ կամ հոգնածությամբ՝ չհասկանալով, որ սատանան հենց դրան էլ ձգտում է:

Ինչպե՞ս կարող ենք հակառակվել սատանայի հնարքներին: Աստված ասում է. «… ոչ ուժով և ոչ զորությամբ, այլ Իմ Հոգով»: Մենք այս խոսքը հաճախ ենք դավանում, բայց երբ հերթը հասնում է գործելուն, այլ տեղից ենք օգնության սպասում:

Դավիթ թագավորն ասում էր. «…իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրն արարեց»: Եկեք մեր հույսը չդնենք մեր խելքի, իմաստության, ուժի կամ ծանոթությունների վրա, այլ հաղթենք Տիրոջ Հոգով:

Եկեք հագնենք Աստծո սպառազինությունը՝ ճշմարտության գոտին, արդարության զրահը, խաղաղության ավետարանի պատրաստության կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը, Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, և ամեն ժամանակ աղոթենք Հոգով:

Հայտնություն 12.11-ում գրված է. «Եվ նրանք հաղթեցին նրան Գառի արյունով և իրենց վկայության խոսքով. և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ»:

Եկեք վկայենք, թե ինչ է արել Հիսուսը մեր կյանքում: Չէ՞ որ մենք Գառի արյունով ենք փրկված և ազատագրված սատանայի իշխանությունից: Մեր վկայության շնորհիվ ուրիշներն էլ կարող են ապաշխարել, Հիսուսին ընդունել և դառնալ եկեղեցու մի մասնիկը: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: