Այս բաներն առակներով խոսեցի ձեզ հետ, բայց ժամանակ կգա, որ էլ առակով չեմ խոսի ձեզ հետ, այլ հայտնապես կպատմեմ ձեզ Հոր համար:

Հովհաննես 16.25

Հիսուս Քրիստոսն առակներով էր խոսում, և աշակերտներն ամեն անգամ մոտենում էին Նրան և խնդրում, որ Նա բացատրեր այս կամ այն առակը:

Եվ ահա, Նա ասում է, որ ժամանակ կգա, երբ այլևս առակներով չի խոսի նրանց հետ, այլ հայտնապես կպատմի Հոր մասին: Աշակերտները երևի սպասում էին, թե երբ էր գալու այդ ժամանակը:

Երբ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, գերբնական բաներ տեղի ունեցան: Աշակերտներն սկսեցին խոսել օտար լեզուներով: Սուրբ Հոգին նրանց հայտնություններ էր տալիս, բացահայտ հանդիմանում, ճանապարհ ցույց տալիս: Աստվածաշնչում ոչ մի տեղ չեք տեսնի, որ Նա առակներով խոսեր:

Մենք նույնպես մկրտված ենք Սուրբ Հոգով, և տեսնում ենք Հիսուս Քրիստոսի խոսքերի ճշմարտացիությունը. Նա այլևս առակներով չի խոսում մեզ հետ: Սուրբ Հոգու միջոցով մենք կարողանում ենք հասկանալ Նրա բոլոր խոսքերը:

Մի՞թե հրաշալի չէ Սուրբ Հոգով և զորությունով լցված լինելը: Մի՞թե հրաշալի չէ, որ Տերն այլևս առակներով չի խոսում մեզ հետ: Փա՛ռք Աստծուն այն զորավոր Հոգու համար, որ ապրում է մեր մեջ:

Սիրելի՛ բարեկամ, եթե հայտնության կարիք ունես, հավատա՛ և սպասի՛ր, որ Տերը բացահայտ կխոսի քեզ հետ:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: