Հոգևոր մարդու համար արծաթասիրությունը ամենավատ հատկանիշն է, որը նրան դարձնում է նյութապաշտ: Հավատացած եմ, որ երբ գալիս ենք Տիրոջ մոտ, Նա արծաթասիրությունը հեռացնում է մեզնից: Այդ ժամանակ մենք լցվում ենք հոգևոր ցանկություններով, ձգտումներով և պարգևներով, որոնք օգտագործում ենք Աստծո արքայության տարածման համար:

 

Հետաքրքիր է մարդ արարածը: Աստված նրան չի ստեղծել մեղավոր բնությամբ: Մարդն ինքն է ընտրում մեղավոր կյանքը: Աստված մարդուն ստեղծվել է Իր պատկերով և նմանությամբ, նրան պարգևներ է շնորհել, որպեսզի նա ստեղծագործի, արարի և շատ պտուղ բերի իր կյանքում, մինչդեռ նա նախընտրում է դառնալ գող, ավազակ, մարդասպան, կաշառակեր: 

Աստված մեզ տվել է Ավետարանը, որ հեռու է արծաթասիրությունից և նյութապաշտությունից, որպեսզի մեր կյանքը հիմնված լինի հոգևոր արժեքների վրա: 

Իհարկե, Աստված մեզ միջոցներ է տալիս ապրելու և, ինչու ոչ, լավ կյանք ունենալու համար: Սակայն Նա չի կամենում, որ մենք արծաթասեր լինենք: Եկեք աստվածասիրությունը չփոխենք արծաթասիրության հետ: 

Սիրելինե’ր, քննե’ք ձեր անձը և տեսեք՝ արդյո՞ք ձեր սրտում նյութական բարեկեցության հասնելու ձգտումը չի գերազանցում Տիրոջ Խոսքի, աղոթքի, հոգևոր պարգևների մեջ ապրելու ցանկությանը: 

Հարցրեք ձեզ` ինչո՞ւ եք ուզում հարստանալ` պարզապես շատ փող ունենալո՞ւ, թե՞ այդ փողերով Աստծո գործին մասնակից լինելու համար: 

Մի’ նմանվեք  փարիսեցիներին, ովքեր արծաթասեր էին և ծիծաղում էին Տիրոջ խոսքերի վրա: Ապրե’ք հոգևոր կյանքով և հոգևոր պտուղներ բերեք ձեր կյանքում: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: