Հիսուս Քրիստոսի այս խոսքերը վերաբերում են ինչպես վերջին ժամանակների եկեղեցուն, այնպես էլ յուրաքանչյուր մարդու: Մեր խոսքերով ասած՝ Հիսուսն այլևս ոչ ոքի չի համոզելու, որ հարկավոր է սրբվել. եկել է պատասխանատվության ժամը, և յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարի, թե ինչպիսի կյանքով է ուզում ապրել` սուրբ, թե պիղծ:

Աստված արդեն ամեն ինչ արել է, որպեսզի մենք Երկինք գնանք: Նա տվել է Իր միածին Որդուն, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Այժմ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը:

Աստվածաշունչն ասում է. “Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի”: 

Մենք իրականում շատ քիչ ժամանակ ունենք այս երկրի վրա ապրելու, և շուտով տեսնելու ենք Տիրոջը: Ուստի, շատ կարևոր է, որ սրբենք մեր անձերը և պատրաստվենք Տիրոջ առջև պատվով կանգնելու:

Շատ մարդիկ մեղքեր են գործում և մտածում են, թե ոչինչ էլ չի լինի: Սակայն  Հիսուսը զգուշացնում է. “Եվ ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի”:

Հետաքրքիրն այն է, որ երբ մեղք ենք գործում, այլևս չենք կարողանում կանգ առնել, և անօրենությունը գնալով շատանում է մեր կյանքում: Թմրամոլը օր օրի ավելի է ընկղմվում թմրամոլության մեջ, հարբեցողը` հարբեցողության, շնացողը` շնության և այլն: Աստծո Խոսքն ասում է, որ այդպես էլ թող սուրբը ավելի ու ավելի սրբվի:

Սիրելինե’ր, Տիրոջ գալուստը մոտ է: Եկեք այնպես ապրենք, որ համարձակ կարողանանք ասել. “Ամեն: Ե’կ, Տե’ր Հիսուս”: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: