«Անհամբերությունն անպտուղ զբաղմունք է». Արթուր Սիմոնյան

«Ամենամեծ անկումները լինում են սպասելու ժամանակ:
Սպասի՛ր՝ եկեղեցում մնալով ու ծածուկ  սենյակում աղաղակելով Տիրոջը, և շատ շուտով  դու կտեսնես օրհնությունդ: Անհամբերությունն անպտուղ զբաղմունք է»: Այս մասին դեկտեմբերի 19-ի և 20-ի եկեղեցական ծառայություններին խոսեց հովիվ Արթուր Սիմոնյանը:

«Սպասելով սպասեցի Տիրոջը, և Նա դեպի ինձ նայեց և աղաղակս լսեց։ Եվ ինձ հանեց կորստի հորից՝ տիղմոտ ցեխից, և վեմի վրա կանգնեցրեց ոտքերս և գնացքս հաստատեց։ Եվ նոր երգ դրեց իմ բերանում՝ մեր Աստծո օրհնությունը, շատերը կտեսնեն և կվախենան և Տիրոջը կհուսան։ Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը Տերն է շինում, և ամբարտավաններին ու ստության հետևողներին չի դառնում»(Սաղմ. 40.1-4) :

«Կյանքում ամենամեծ պտուղը բերում է համբերությունը: Առանց գերբնական համբերության հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել»,- ասաց հովիվ Արթուրը:

Նրա Խոսքով՝ գոյություն ունեն սպասման «վայրեր»՝ աղոթքի ծածուկ սենյակն ու եկեղեցին: Այս երկու վայրերում է, որ մենք երկրպագում ենք Տիրոջը, աղոթում, լսում Նրա ձայնն ու զորանում հավատքով:

Հովիվ Արթուրը կոչ արեց՝ համառ լինել սպասման մեջ՝ անկախ ամեն ինչից. «Երբ իրավիճակները անհուսություն են գոչում, և շուրջբոլորդ ասում են, թե հույս չկա, միևնույն է, շարունակի՛ր սպասել: Աբրահամը, Հակոբը, Հովսեփը սպասեցին տարիներ շարունակ, որպեսզի ստանան իրենց օրհնությունը»:

«Եթե դու սպասում ես քո ընտանիքի ապաշխարությանն ու վերականգնմանը, Սուրբ Հոգու զորությանը, բժշկության և այլն, ապա առանց համբերության դա հնարավոր չէ: Արի՛ եկեղեցի, մտի՛ր աղոթքիդ սենյակ: Համբերել ու սպասել սովորիր, և թող  քո սպասողականությունը լինի լռության, սրբության, խաղաղության և  սիրո մեջ»,-եզրափակեց հովիվ Արթուրը:

Ծառայությունից հետո ներկաները կիսվեցին իրենց կարծիքներով և հայտնություններով.

-Շատ կարևոր խոսք էր: Սպասողականությունը պետք է թե՛ եկեղեցու ծառայողներին, թե՛ այցելուներին և պարզապես բոլոր մարդկանց: Հովիվը մեջբերեց Սաղմոս 40-ի խոսքերից. «Սպասելով սպասեցի Տիրոջը…»: Սա շատ զորավոր խոսք է ինձ համար: Եվ եթե ուշադիր կարդանք, այնտեղ գրված է. «Եվ ինձ հանեց կորստի հորից՝ տիղմոտ ցեխից, և վեմի վրա կանգնեցրեց ոտքերս»: Եթե դու սպասողականություն չունենաս դեպի Տերը, դու ավելի կիջնես ներքև, բայց երբ սպասում ես, Տերը բարձրացնում և հաստատում է քեզ վեմի վրա: Ես շատ օրհնված եմ այս քարոզից,- ասաց Հարություն Մանուկյանը:

Լուսինեի խոսքով էլ քարոզն ասված էր ճիշտ ժամանակին.

– Մի բան, որ պակասում է ինձ՝ սպասողականությունն է: Անընդմեջ հարցնում ես՝ Տե՛ր, ե՞րբ, ինչպե՞ս: Բայց Աստված էլ պատասխանում է՝ սպասումով պիտի սպասես:

-Շատ օրհնված եմ հովիվ Արթուրի այսօրվա քարոզից և ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է համառությամբ սպասեմ՝ վստահ լինելով, որ Աստծո կամքով հասնելու եմ իմ նպատակին,- ասաց Նարինեն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: