Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է, որ մարդու անունն ավելի թանկ է, քան  հարստությունը: Քրիստոնյային կործանելու համար սատանան առաջին հերթին փորձում է սպանել նրա անունը: Ընդ որում, անուն ձեռք բերելը հեշտ է, իսկ  պահելը` դժվար:

Որքան է պատահում, որ մարդիկ հասնում են բարձունքների, բայց շուտով կորցնում են իրենց պատիվը՝ համապատասխան կարողություններ, գիտելիքներ կամ շնորհք չունենալու պատճառով:

Ի՞նչը կարող է կործանել քրիստոնյայի բարի անունը: Իհարկե՝ մեղքը: Սակայն Աստծո շնորհքը բարձրացնում է մարդու անունը, եթե նա բարոյական, սուրբ կյանք վարի:

Ինչպես գիտեք, սուրճը քայքայում է կալցիումը, հետևաբար՝ ոսկորները: Մեկ գավաթ սուրճը մեր օրգանիզմից հեռացնելու համար հարկավոր է տասը լիտր ջուր խմել: Այդպես էլ քրիստոնյայի  կյանքում բույն դրած մեղքը կործանում է նրա բարի անունը, որը վերականգնելու համար խիստ մեծ ջանքեր են պահանջվում:

Ժողովող 7.1-ում կարդում ենք. “Բարի անունը լավ է հոտավետ յուղից”: Այստեղ խոսվում է օծման յուղի մասին, որը շատ մեծ գին ունի: Երբ ապրում ենք սուրբ կյանքով, պատիվ ենք բերում այն օծությանը, որ Տերը մեզ տվել է, իսկ երբ մեղք ենք գործում, մեր պատճառով Աստծո անունն անարգվում է:

Աստծո կամքն է, որ մեր անունը բարձր պահենք ամեն տեղ՝ ընտանիքում, եկեղեցում, աշխատավայրում, հասարակության մեջ: Բարի անունը մարդու այցեքարտն է, առանց որի ոչ մի տեղ ընդունված չենք լինի:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: