Շատերը Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13-րդ գլուխն անվանում են սիրո գլուխ: Կարելի է ասել՝ այստեղ գրված է սիրո բանաձևը: Կարդալով այս գլուխը՝ սովորում ես սիրել:

Գրված է. «Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, և այս երեքից ամենամեծը սերն է»: Բոլոր մարդիկ այս կյանքում երջանկություն են փնտրում: Կարծում եմ` երջանկության գաղտնիքը հենց հույսով, հավատքով և սիրով լցվելն է:

Սերը՝ որոշում է: Շատերն իրենց կանանց դավաճանում են: Երբ հարցնում ես, թե ինչն է պատճառը, պատասխանում են. «Ես այլևս կնոջս չեմ սիրում»: Ոմանք էլ ասում են. «Աղոթե՛ք ինձ համար, որ կարողանամ կնոջս սիրել»: Սակայն դա հնարավոր չէ:

Յուրաքանչյուր մարդու տրված է որոշում կայացնելու ընդունակություն. մենք ենք որոշում` սիրել, թե չսիրել: Այսօրվա մեր որոշումը վաղվա մեր ճակատագիրն է: Որոշո՛ւմ կայացրու և կսկսես սիրել: Պարզապես, մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել և քայլ անել:

Սերը՝ զոհաբերություն է: Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ Իր միածին Որդուն զոհեց մեզ համար: Եթե մարդը հանուն սիրո չի կարողանում զոհաբերել իր անձը, ես-ը, ոչ մի բանի չի հասնի:

Սիրելինե՛ր, ունեցե՛ք հույս, հավատք և սեր, ու հիշե՛ք, որ այս երեքից ամենամեծը սերն է: Եթե սիրենք մեր ընտանիքը, եկեղեցին, երկիրը, երջանիկ կլինենք: Խնդիրն այն է, որ շատերը միայն իրենց են սիրում, այդ պատճառով էլ դժբախտ են:

Մնացե՛ք սիրո մեջ: Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: