Հովհաննեսին կոչում են “սիրո առաքյալ”, որովհետև նա հզոր քարոզներ ունի սիրո մասին: Մի քանի օր է, ինչ կրկին կարդում եմ Հովհաննեսի առաջին թուղթը, և ինձ համար շատ գաղտնիքներ են բացահայտվում:

Յուրաքանչյուր հավատացյալի փափագն է, որ Աստված բնակվի իր մեջ: Ինչպե՞ս ենք իմանում` Աստված բնակվո±ւմ է մեր մեջ, թե՞ ոչ: Առաքյալն ասում է. “…եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, և Նրա սերը կատարյալ է մեզանում”:

Աստված բնակվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, և մենք պետք է թույլ տանք, որ Նա Իրեն դրսևորի մեր մեջ: Հիսուս Քրիստոսն ասաց. “Սրանով կիմանան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք” (Հովհ. 13.35):

Սատանան ատելություն է բերում: Եվ եթե ապրենք այս աշխարհի ոգու թելադրանքով, կտեսնենք, թե ինչպես է մեր կյանքում ատելությունը շատանում, իսկ սերը` պակասում: Գրված է. “Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի” (Մատթ. 24.12):

Սիրելինե՛րս, տեղ մի՛ տվեք ատելությանը, այլ լցվեք աստվածային սիրով: Աստված մեզ սեր է շնորհել, և ամենաարժեքավոր ժառանգությունը, որ կարող ենք թողնել մեր սերունդներին, աստվածային սերն է, ոչ թե նյութական հարստությունը, տները կամ ավտոմեքենաները: Աստծո ծառաներից շատերն այդպես վարվեցին և փոխեցին շատերի կյանքը:

Դադարե՛ք ատելուց: Սիրե՛ք միմյանց: Ինչո՞ւ ատել, եթե կարելի է սիրել:
Թող Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: