Աղոթքի «Փենուել» բացառիկ կոնֆերանսը շարունակում է արթնության նոր ալիք բարձրացնել Հայաստանում:

Այսօր առավոտյան «Աղոթքի միջազգային տան» առաջնորդական թիմի անդամ Ուես Հոլլը ներկաների հետ խոսեց այն կարևոր բնագավառների մասին, որոնք պիտի լինեն մեր կյանքում, որպեսզի մենք կարողանանք դառնալ Աստծուն հաճելի ժողովուրդ:

Օրինակ բերելով Հայտնության գրքի 2-րդ գլխից քարոզիչը հիշեցրեց, որ Աստված ամեն բան տեսնում է և գիտի յուրաքանչյուրիս գործերը: Նա կոչ արեց նաև հետևել այն սկզբունքերին, որոնք Աստված կամենում է տեսնել մեր մեջ. «Քրիստոսը փնտրում է այնպիսի հարս-եկեղեցի, ում հարաբերությունների կենտրոնում սերն է: Առաջին սերը Տիրոջ հանդեպ պիտի առաջնային լինի: Նա ցանկանում է, որպեսզի Իր հարս-եկեղեցին լցված լինի մարգարեական հոգով իր բոլոր ճանապարհներում: Մենք պիտի պատրաստ լինենք այն հալածանքներին, որոնք կկրենք հավատքի համար»,- նշեց հովիվ Հոլլը և հավելեց, որ Քրիստոսին հարկավոր է այնպիսի ժողովուրդ, ով կլինի հավատարիմ, կքայլի զորության, իշխանության մեջ և անկեղծորեն կնվիրվի Իրեն:

Ուես Հոլլը նաև կոչ արեց եկեղեցուն՝ չհամեմատվել այս աշխարհի հետ, այլ փափագել Տիրոջը. «Ժողովուրդ, ով չի հանձնվում և չի հիասթափվում դժվար ժամանակներում, և հարս-եկեղեցի, ով լիովին  հուսացած է իր Փեսային. ահա թե ինչպիսին են Քրիստոսի պահանջներն ու սպասումները»:

Հավաքույթի վերջում հովիվները անհատական ձեռնադրությամբ աղոթեցին մարդկանց համար, որպեսզի Աստծո շնորհքը շատանա իրենց վրա՝ անելու այն, ինչ Տերն է ակնկալում իրենցից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: