Մայիսի 30-ին Երևանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում ավարտվեց աղոթքի «Փենուել» համաժողովը: Այս տասն օրը հավատացյալ հանրությունն անցկացրեց աղոթքով, երկրպագությամբ և Տիրոջ զորավոր Խոսքով:

Երկրպագության և աղոթքի եռօրյա վարպետության դասերից հետո, վերջին օրը հայտարարված էր որպես աղոթքի և ծոմի օր: Հյուրերը, եկեղեցու անդամների հետ միասին, ամբողջ օրվա ընթացքում աղոթում էին  Եվրոպայի, Ամերիկայի և Հայաստանի  հոգևոր արթնության համար:

«Եվ պիտի լինի սրանից հետո, որ  Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու  աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն» (Հովել 2.28):

Աղոթք բարձրացվեց նաև Իսրայելի փրկության համար: Ուկրաինայում մեսիանական եկեղեցու ավագ րաբբի Բորիս Գրիսենկոն, ով նաև առաջնորդում էր այդ աղոթքը, նշեց, որ Աստված օրհնում է այն մարդկանց, ովքեր աղոթում են Իր ժողովրդի համար և օրհնում նրանց:

«Աստված կանչել է մեզ՝ աղոթելու Իր ազգի վերականգնման համար, ճանապարհ պատրաստելու Իսրայելի համար, վկայելու Իսրայելին Տիրոջ մասին»,- ասաց րաբբի Գրիսենկոն:

Աղոթքի ծառայությունից հետո հովիվ Արթուրը մարգարեական հզոր խոսք խոսեց Հայաստանի և հայ ժողովրդի համար:

«Սատանան ուզում է դատարկել այս երկիրը, որ Աստծո ծրագիրը չկատարվի: Ընդհանրապես, հավատացյալները հավատքով ու հույսով լցված մարդիկ են, բայց եթե նրանք են հուսալքվում ու լքում հայրենիքը, սա արդեն տնտեսական հարց չէ, այլ՝ հոգևոր»,- ասաց հովիվ Արթուրը և կոչ արեց՝ չլքել սեփական երկիրը, ամուր կանգնել մայր հողում, քանի որ Տերը դեռ բարձրացնելու է Հայաստանը:

Այնուհետև խոսքով կիսվեց «Նոր կյանք» միջազգային կազմակերպության եպիսկոպոս Փոլ Զինքը: Աստծո այս հզոր օծյալը, պատմելով իր կյանքից բացառիկ վկայություններ, կոչ արեց ճանաչել Քրիստոսին և Իր զորությունը:

«Եկել է ժամանակը Հայաստանի համար: Ժամանակն է, որ ճանաչեք, թե որքան զորավոր է Հիսուսը,- ասաց Փոլ Զինքը,- դու կրոնի կարիք չունես. դու Աստծո մտերմության, օծության կարիքն ունես: Ես 10 տարեկան էի, երբ ականատես եղա, թե ինչպես են մարդու մկաններն աճում Աստծո հզոր ներկայության մեջ»:

Համաժողովը, որը եզրափակվեց Ֆիլիպ Ռենների հզոր փառաբանությամբ, հավատացյալներին ողողեց խորը  հայտնություններով, մարգարեական զորավոր խոսքով և Տիրոջը նորովի ճանաչելու մեծ փափագով:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: