Այսօր քրիստոնյաների մեջ նկատվում է մի երևույթ, որ ինձ մտահոգում է. շատերն ամաչում են մարդկանց առջև Քրիստոսի անունը դավանելուց:

Աստվածաշնչում գրված է, որ Հիսուս Քրիստոսը, Հոր աջ կողմում նստած, բարեխոսում է մեզ համար: Երբ մեղքի մեջ ենք ընկնում, դժվարությունների կամ սխալ իրավիճակների մեջ հայտնվում, Քրիստոսը միակ միջնորդն է, Ով կարող է բարեխոսել մեզ համար և Իր արյունով մեզ փրկել: Բայց եթե Նրան ուրանում ենք մարդկանց առջև, Նա էլ մեզ կուրանա Իր Հոր առջև, որ երկնքում է:

Պատկերացրե՛ք՝ դուք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում և խնդրում եք Հորը, որ ձեզ ների կամ օգնի, իսկ Հիսուսն այդ ժամանակ ձեզ ուրանում է Իր Հոր առջև և ասում. “Ես նրան չեմ ճանաչում”:

Մի անգամ զրուցում էի մի աշխարհիկ մարդու հետ և երբ նրան հարցրի, թե հավատում է Աստծուն, անմիջապես պատասխանեց. “Ինչպե՞ս կարող եմ չհավատալ. մարդը պետք է անմիտ լինի, որ Աստծուն չհավատա”:

Ցավոք սրտի, շատ հավատացյալներ ոչ միայն իրենց շուրթերով, այլև ապրելակերպով մարդկանց առջև ուրանում են Քրիստոսին: Շատ հավատացյալ երիտասարդներ իրենց շրջապատում այնպես են իրենց պահում, որ ոչ ոք չիմանա իրենց հավատքի մասին:

Ժամանակն է, որ համարձակ դավանենք Հիսուս Քրիստոսին, և Նա կբնակվի մեր մեջ. Նրա զորությունը մեզ հետ կլինի, մենք Նրանով կապրենք և մեր կյանքում հրաշքներ կտեսնենք:

Սիրելինե՛ր, մի՛ ձևացրեք, թե Քրիստոսին չեք ճանաչում: Աստվածուրացությունն ամենասարսափելի մեղքերից է: Դավանե՛ք Հիսուս Քրիստոսի անունը մարդկանց առջև, և Նա էլ ձեր անունը կդավանի Իր Հոր առջև: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: