Հիսուս Քրիստոսն իր աշակերտների համար մեկնում է սերմնացանի առակը: Նա ասում է, որ երբ սերմը փշերի մեջ է ընկնում, անպտուղ է լինում: Այդպես էլ աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները խեղդում և անպտուղ են դարձնում Աստծո Խոսքը:

Այսօր մարդիկ ձգտում են շատ ունեցվածք ձեռք բերելու: Աղքատն ուզում է հարստանալ, հարուստը՝ ավելացնել իր հարստությունը: Սակայն եթե հարցնես` ինչու, շատերը միգուցե պատասխան չեն ունենա:

Աստծո Խոսքն ասում է` հարստացեք ամեն բարի գործերի համար: Եթե մարդը բարի գործերի համար չի հարստանում, զուր է նրա հարստությունը:

Սիրելինե°ր, Աստծո Խոսքը նման է սերմի, որ ընկնելով մեր սրտերի մեջ` կարող է աճել և պտուղ բերել: Հիսուսն ասաց, որ երբ սերմը աճի, մեծ ծառ կդառնա, և թռչունները կգան ու նրա հովանու տակ հանգիստ կառնեն:

Կան հավատացյալներ, որոնց կողքին չես կարողանում հանգիստ առնել:  Նրանք ոչ ոքի համար հովանի չեն դառնում, որովհետև հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները նրանց սրտում խեղդում են այն Խոսքը, որով նրանք պետք է ապրեին: Շատերը նրանց վարքից գայթակղվելով` հեռանում են Աստծուց:

Քրիստոնյայի համար Աստծո Խոսքը շատ կարևոր է: Եկեք կարևորենք կարևորը, թույլ չտանք, որ այս կյանքի դժվարությունները, հարստության խաբեությունը և տարբեր ցանկությունները Աստծո Խոսքը խեղդեն և անպտուղ դարձնեն:

Եղեք օրհնված, հրաշալի օր եմ մաղթում ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: