DAILY DEVOTION-am-1200-600

Հակոբոս առաքյալը գրում է. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակաս ունի, թող խնդրի Աստծուց, … և կտրվի նրան»:

Ի՞նչ տարբերություն գիտության և իմաստության միջև: Օրինակ` դպրոցում, համալսարանում մենք գիտություն ենք ստանում, բայց դրանից հետո մեզ իմաստություն է հարկավոր, որպեսզի  հասկանանք, թե որտեղ և ինչպես կիրառենք մեր ստացած գիտությունը:

Եթե գիտությունը ձեռք ենք բերում կարդալու և սովորելու միջոցով, ապա իմաստությունը ստանում ենք երկնքից, ինչպես նաև մեր կյանքի փորձառությունից:

Հակոբոս առաքյալը մեզ հորդորում է, որ իմաստություն խնդրենք Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում:

Սողոմոնը Իսրայելի թագավորն էր և Աստծուց իմաստություն խնդրեց: Աստվածաշնչում գրված է, որ Աստված նրան իմաստություն տվեց ճիշտ դատաստան անելու համար: Նա յուրաքանչյուր իրավիճակում գիտեր, թե ինչպես պետք է վարվել: Սողոմոնի օրոք Իսրայելում պատերազմ չեղավ. նա խաղաղություն բերեց իր ժողովրդին և կառուցեց Աստծո տաճարը:

Սողոմոնի կյանքում գործում էր ոչ միայն գիտությունը, այլև իմաստությունը: Նույնիսկ տաճարը կառուցելու ժամանակ, երբ ֆինանսական մեծ կարիք կար, նա գիտեր, թե ում և  ինչպես նամակ գրեր աջակցություն ստանալու համար:

Սիրելինե’ր, եթե ձեր կյանքում ինչ-որ բան չի ստացվում կամ գումարները չեն բավականացնում ձեր նպատակներն իրականացնելու համար, մի’ ծեծեք ձեր կյանքը, մի’ հիասթափվեք և մի’ մտածեք, թե դուք անհաջողակ եք: Դուք, պարզապես, իմաստության կարիք ունեք:

Երբեք մի’ ասեք. «Ես գիտեմ», որովհետև մենք, իրականում, ոչինչ չգիտենք: Եկեք իմաստություն խնդրենք Տիրոջից, և մեզ առատությամբ կտրվի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: