Այսօրվա խոսքը առիթ է տալիս մտածելու մեր ընտանիքի անդամների, հարազատների և մտերիմների մասին: Աստվածաշունչն ասում է. “Բայց եթե մեկն իրենների և մանավանդ ընտանիքի համար խնամք չտանի, նա հավատքից ուրացած է և անհավատից էլ չար է”: Խնամք տանել նշանակում է հոգատարություն ցուցաբերել: Սակայն հաճախ կարելի է տեսնել, որ մարդիկ չեն ուզում հոգատար լինել միմյանց նկատմամբ:

Ոմանք էլ իրենց ընկերների հանդեպ հոգատար են, բայց հարազատների հանդեպ անտարբեր: Աստծո Խոսքն ասում է, որ այդպիսիները հավատքից ուրացած են և անհավատից էլ չար: Պատկերացրեք, թե ինչ սարսափելի մեղքի մասին է խոսքը, որ Աստված ուրացությունից ու անհավատությունից էլ վատ է համարում: Մենք գիտենք, որ հավատքից ուրացածների ու անհավատների վախճանը դժոխքն է:

Եթե խնամք չես տանում հարազատներիդ, մտերիմներիդ համար, նշանակում է` Տիրոջից հեռացել ես: Եթե Տիրոջ հետ լինեիր, աղոթքի և Խոսքի միջոցով հաղորդակցվեիր Նրա հետ, զգայիր Նրա ներկայությունը, անհնարին է, որ ընտանիքիդ ու հարազատներիդ չսիրեիր:

Սիրելինե’ր, կարդալով այսօրվա խոսքը, մտածե’ք, թե ինչ անակնկալ կարող եք մատուցել ձեր ընտանիքի անդամներին: Ուրախացրե’ք ու երջանկացրե’ք նրանց: Ծառայե’ք ձեր հարազատներին և մտերիմներին, բարձրացրե’ք նրանց ու կվայելեք դրա պտուղները:

Աստվածաշնչում գրված է, որ եթե մեկն իր տունը տանջի, քամի կժառանգի: Համոզված եմ, որ ոչ ոք չի ցանկանում քամի ժառանգել: Այնպես ապրեք, որ Աստծո արքայությունը ժառանգեք: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: