Այսօր շատերը մխիթարության կարիք ունեն և փնտրում են մեկին, ով իրենց կմխիթարի կամ ճիշտ խորհուրդ կտա: Ոմանք հոգեբանների օգնությանն են դիմում, սակայն հոգեբանները բոլորին չեն կարող օգնել:

Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգին մեր մխիթարիչն է: Նա այն անձնավորությունն է, ով ապրում է մեր մեջ, և ամեն վայրկյան կարող է մեզ հասկանալ և օգնել: Նա մեզ լցնում է աստվածային ուրախությամբ, խաղաղությամբ և արդարությամբ:

Սիրելինե’ր, այս կյանքում շատ բաներ կան, որ մենք չգիտենք: Գրված է, որ Սուրբ Հոգին մեզ ամեն բան կսովորեցնի: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է կարդալ Աստվածաշունչը և լսել Սուրբ Հոգու ձայնը: Նա մեզ ոչ միայն նոր բաներ կսովորեցնի, այլև կհիշեցնի այն ամենը, ինչ Հիսուսն արդեն ասել է:

Մենք աստվածաշնչյան շատ խոսքեր անգիր գիտենք, սակայն երբեմն այնպիսի իրավիճակներում ենք հայտնվում, որ մոռանում ենք, թե Աստված ինչ է ասել: Սուրբ Հոգին ցանկացած իրավիճակում կարող է հիշեցնել այն խոսքերը, որոնք մեզ անհրաժեշտ են:

Փա’ռք Աստծուն, որ Սուրբ Հոգին մեր մեջ է: Նա բարի է, քաղցր, զորավոր: Երբեք մի’ դադարեք Նրան վստահելուց, Նրա հետ շփվելուց և Նրա անունը փառաբանելուց. Նա բոլոր հարցերում ձեզ կաջակցի: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: