Կարդալով Հայտնության գրքի այս խոսքերը՝ մտածում ես. “Ինչպե՞ս կարող է Աստված “փսխել” ինչ-որ մեկին. չէ՞ որ Նա սեր է”:

Այո՛, Աստված սեր է, և կարծում եմ, որ Նա չի ցանկանում ոչ մեկին “փսխել”: Ինքներդ գիտեք, որ փսխելը հաճելի երևույթ չէ: Բոլորիդ էլ ծանոթ է այն տհաճ զգացումը, որ հաճախ առաջանում է անհամապատասխան կերակուր ուտելուց հետո, որը չեք կարողանում մարսել: Բայցևայնպես, Աստված նման արտահայտություն է անում: Կան մարդիկ, որոնց Նա պատրաստ է փսխելու: Նա ասում է. “…որովհետև գաղջ ես, ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ Իմ բերանից”:

Խոսքն անհավատների մասին չէ, որովհետև նրանք ընդհանրապես չեն հավատում Աստծուն, սառն են: Այստեղ խոսվում է այն քրիստոնյաների մասին, ովքեր ճանաչում են Տիրոջը, սակայն շարունակում են ապրել մեղքի մեջ: Մեղքը սառույցի նման հանգցնում է նրանց սրտում վառվող Աստծո սիրո կրակը և գոլացնում նրանց կյանքը:

Այսօր շատ քրիստոնյաներ, թեև հաճախում են եկեղեցի, բայց այսպիսի կյանքով են ապրում:

Սիրելինե՛ր, եկեք սթափվենք, թոթափենք ամեն տեսակի մեղք և ապրենք ջերմեռանդ քրիստոնեական կյանքով: Եկեք ականջ դնենք Աստծո Խոսքին և փոխենք մեր ապրելակերպը: Եթե դուք ճանաչում եք Տիրոջը և զգում եք Նրա ներկայությունը, հավատացած եմ, որ չեք կարող գոլ վիճակում մնալ: Հրաժարվե՛ք գոլ կյանքից և տաք, ջերմեռանդ քրիստոնյաներ դարձե՛ք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: