Աստված դիմում է Իր եկեղեցու հոգևոր ավագներին և ծառայողներին . “…դո՛ւրս եկ հոտի ետևից և արածեցրո՛ւ ուլերիդ հովիվների վրանների մոտ”:

Մտածելով այս խոսքի շուրջ՝ ես հասկացել եմ, որ հաջողակ մարդը նա է, ով հովիվների կողքից չի հեռանում:

Գառնուկները, հեռանալով հովվից, կարող են մոլորվել կամ գայլերի բաժին դառնալ, իսկ հովիվների վրանների մոտ ապահով է, որովհետև հովիվը նրանց կերակրում և պաշտպանում է:

Մարդիկ միշտ ձգտում են ազատ կյանքի` խուսափելով խրատից և հանդիմանությունից, բայց սատանան այդ ժամանակ իր որոգայթների մեջ է գցում նրանց:

Ես շատերին եմ ճանաչում, ովքեր, հեռանալով հոգևոր ավագներից, մեղքի մեջ են ընկել կամ կորցրել են իրենց ծառայությունները:

Սիրելինե՛ր, մի’ հեռացեք ձեր հովիվներից: Աստված եկեղեցուն տվել է ծառայության հինգ պարգևներ, որոնցից է հովվի ծառայությունը: Հովիվն ունի օծություն՝ Տիրոջ հոտն առաջնորդելու և պաշտպանելու համար:

Ես շատ ուրախ եմ, որ ապաշխարությանս առաջին իսկ օրից հովիվ եմ ունեցել, և մինչ օրս էլ չեմ հեռանում “հովիվների վրաններից”: Շատ լավ է, երբ կողքիդ կա մեկը, ով քեզ ուղղություն է ցույց տալիս և առաջնորդում:

Այնպես որ, երբեք մի’ հեռացեք “հովիվների վրաններից” և միշտ հիշե’ք, որ մենք ունենք Հովվապետ` Հիսուս Քրիստոսը, ով ամեն ժամանակ մեզ առաջնորդում և պաշտպանում է:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: