Գթասրտությունը երջանկության բանալիներից է: Հավանաբար, լսել եք այն առակը, որ մի երեխա գալիս է մի ծերունու մոտ և հարցնում. «Ո՞վ է երջանիկ մարդը. միգուցե նա, ով հարո՞ւստ է»: Ծերունին պատասխանում է. «Տե’ս, մի հարուստ մարդ է գալիս և շատ տխուր է»: Երեխան հարցնում է. «Այդ դեպքում՝ միգուցե նա, ով գեղեցի՞կ է»: Ծերունին պատասխանում է. «Տե’ս այն գեղեցիկ աղջկան. նա լաց է լինում»: Այդ ժամանակ երեխան հարցնում է. «Պապի’կ, ուրեմն ո՞վ է երջանիկ մարդը»: Ծերունին ցույց է տալիս մի երեխայի, ով հեռվում նստած լաց էր լինում մի սատկած թռչունի համար, և ասում է. «Ահա’, նա է երջանիկ մարդը»:  

Եթե դու կարող ես լաց լինել ինչ-որ մեկի համար, ուրեմն երջանիկ մարդ ես: Եթե չես նկատում ոչ մեկի ցավը և ոչ մեկի հանդեպ գթասրտություն չունես, չես կարող երջանիկ լինել: 

Նշանակություն չունի, թե ով է դիմացինդ` հարազա՞տ, ծանո՞թ, թե՞ օտար: Եթե մարդը վատ վիճակում է, շատ կարևոր է անտարբեր չլինել և գթասրտություն ցուցաբերել նրա հանդեպ: 

Աստված մեզ տեսավ և գթաց այն ժամանակ, երբ մենք դեռ ծանոթ չէինք Նրան, ոչ էլ Նրա զավակներն էինք: Սակայն Նա անտարբեր չեղավ մեր հանդեպ և ուղարկեց Իր միածին Որդուն` մեզ օգնելու համար: Եկեք մենք էլ Նրա նման գթասիրտ լինենք, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հոգևոր եղբայրներին և քույրերին: 

Գրված է. «Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք. պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք»: Այսինքն՝ եթե մեկն ուզում է քեզ պատվել, դու նրա համար ավելին արա, և Տիրոջից պատիվ կստանաս: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: