Հիսուսն աղոթում էր Իր բոլոր աշակերտների համար: Մենք նույնպես Նրա աշակերտներն ենք, Նրա աղոթքը վերաբերում է նաև մեզ: Տեսեք, թե ինչ էր Նա խնդրում. “Չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից”:

Ոմանք կարծում են, թե հավատացյալները պետք է առանձնանան աշխարհից, ապրեն ճգնավորների նման: Սակայն դա Աստծո կամքը չէ: Պարզապես, ապրելով աշխարհում, մենք պետք է հեռու լինենք ամեն տեսակի պղծությունից, չարից ու խավարից: Դրա համար Տիրոջ պահպանության կարիքն ունենք: Գրված է՝ եթե Տերը չպահպանի տունը, զուր են անքուն մնում պահապանները: Եթե Տերը մեզ չպահպանի չարից, ինքներս մեզ չենք կարող պահպանել:

Քրիստոսը խնդրում էր, որ Հայրն Իր աշակերտներին պահպանի և սրբացնի: Այս վերջին ժամանակներում սրբությունը պահելը շատ կարևոր է: Աստված է մեզ սրբացնողը: Նա մեզ մաքրում է Քրիստոսի արյունով: Սակայն մենք էլ պետք է որոշում կայացնենք և այլևս չմեղանչենք:

Երբ Հիսուսի մոտ բերեցին մի շնացող կնոջ, ում ցանկանում էին քարկոծել, Նա ասաց. “… գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր”:

Սիրելի՛ս, եթե Տերը քեզ մաքրել է, գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր: Եթե դեռևս մեղքի մեջ ես ապրում, խնդրի՛ր, որ Քրիստոսի արյունը քեզ մաքրի, և որոշո՛ւմ կայացրու, որ այլևս չես մեղանչի: Սրբությունդ պահի՛ր, որովհետև դրախտի ճանապարհը սուրբերինն է:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: