Երանի այն մարդուն և այն ժողովրդին, որի պահապանը Տերն է: Դավիթն այս սաղմոսում կոչ է անում, որ չվախենանք:

Եթե Տերը քո պահապանն է, մի’ վախեցիր ոչ մի բանից. Նա քեզ կպաշտպանի:

Մի աղջիկ ասում էր, որ գիշերը մութ սենյակում քնելուց վախենում է, այդ պատճառով երբեք լույսը չի հանգցնում: Ես նրան հարցրի. “Դու հավատո՞ւմ ես Տիրոջը”: Նա պատասխանեց` այո: Ես ասացի. “Եթե իսկապես հավատայիր Նրան և իմանայիր, որ Նա քեզ պահպանում է նույնիսկ քնած ժամանակ, երբեք չէիր վախենա”:

Մենք հաճախ ասում ենք, թե հավատում ենք Տիրոջը, բայց իրականում չենք վստահում Նրան: Վախը ոչ այլ ինչ է, եթե ոչ անվստահություն: Միգուցե մտածում ենք, որ երբ մենք քնում ենք, Տերն էլ է քնում, կամ երբ զբաղված ենք լինում, Նա էլ է զբաղված լինում և մոռանում է մեր մասին: Սակայն Աստված մեզ նման չէ. Նա չի քնում և չի ննջում: Քնած լինես թե արթուն, Նա քեզ հետ է, քո կողքին:

Եթե հավատում ես, որ էլեկտրական լույսը կարող է քեզ պահպանել քնած ժամանակ, որքան ավելի մեր Տերը: Նա մեր պահապանն է ամեն ժամանակ, մեր բոլոր գործերում:

Սիրելինե’ր, վստահե’ք Աստծուն և ոչ մի բանից մի’ վախեցեք, որովհետև Աստված ձեզ հետ է: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: