Հավատքը մի ուժ է, որի հետ ոչ մի ուժ չի կարող համեմատվել: Բայց արդյո՞ք մենք օգտագործում ենք հավատքի ուժը: Եթե ասում ենք, թե հավատք ունենք, մեր գործերը պետք է վկայեն, որ մեր հավատքը կենդանի է:  Պողոս առաքյալն ասում է. «Հավատացի և դրա համար խոսեցի…» (Բ Կորնթ. 4.13):

Տարիներ առաջ Տերն ինձ ասաց. «Իմ ժողովուրդը հավատում է, որ Ես կամ, բայց չի հավատում, որ Ես կարող եմ»: Այո’, շատերը հավատում են, որ Աստված կա, բայց չեն հավատում, որ Նա կարող է իրենց կյանքում որևէ բան անել:

Ղուկաս 17.5-ում գրված է, որ աշակերտները մոտեցան Հիսուսին և խնդրեցին, որ իրենց հավատքն ավելացնի: Հիսուսն ասաց. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կասեիք՝ պոկվիր և ծովի մեջ տնկվիր, և նա կհնազանդվեր ձեզ»:

Ինչպես տեսնում եք` հավատքը գործեր ունի: Հակոբոս 2.26-ում գրված է. «Որովհետև ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այնպես էլ հավատքը առանց գործերի մեռած է»:

Սիրելինե’ր, այն խնդիրը, որ ձեզ այսօր տանջում է և թույլ չի տալիս ազատ ապրել, կարող է հենց այսօր էլ լուծվել, եթե հավատաք և աղոթեք: Աստված ամենակարող է: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: