Եվ առաքյալներն ասացին Տիրոջը. “Մեր հավատքն ավելացրու”: Եվ Տերն ասաց. “Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կասեիք՝ պոկվիր և ծովի մեջ տնկվիր, և նա կհնազանդվեր ձեզ”:

Ղուկաս 17.5,6

Հավատքը մի ուժ է, որի հետ ոչ մի ուժ չի կարող համեմատվել: Բայց արդյո՞ք մենք օգտագործում ենք հավատքի ուժը: Եթե ասում ենք, թե հավատք ունենք, մեր գործերը պետք է վկայեն, որ մեր հավատքը կենդանի է: Պողոս առաքյալն ասում է. “Հավատացի և դրա համար խոսեցի…” (Բ Կորնթ. 4.13):

Տարիներ առաջ Տերն ինձ ասաց. “Իմ ժողովուրդը հավատում է, որ Ես կամ, բայց չի հավատում, որ Ես կարող եմ”: Այո°, շատերը հավատում են, որ Աստված կա, բայց չեն հավատում, որ Նա կարող է իրենց կյանքում որևէ բան անել:

Ղուկաս 17.5-ում գրված է, որ աշակերտները մոտեցան Հիսուսին և խնդրեցին, որ իրենց հավատքն ավելացնի: Հիսուսն ասաց. “Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կասեիք՝ պոկվիր և ծովի մեջ տնկվիր, և նա կհնազանդվեր ձեզ”:

Ինչպես տեսնում եք` հավատքը գործեր ունի: Հակոբոս 2.26-ում գրված է. “Որովհետև ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այնպես էլ հավատքը առանց գործերի մեռած է”:

Սիրելինե°ր, այն խնդիրը, որ ձեզ այսօր տանջում է և թույլ չի տալիս ազատ ապրել, կարող է հենց այսօր էլ լուծվել, եթե հավատաք և աղոթեք: Աստված ամենակարող է: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: