Ընտանիքը մեծագույն արժեք է Աստծո և ցանկացած պետության համար: Մարդն ի վերուստ ընտանիք կազմելու ձգտում ունի: Սակայն ամեն մեկն իր տունը կառուցում է այնպես, ինչպես իրեն սովորեցրել են՝ համաձայն իր ազգային, մշակութային առանձնահատկությունների, ոչ թե Աստծո Խոսքի: Դա է պատճառը, որ շատ ընտանիքներ դժբախտ են, ամուսիններին չի հաջողվում երջանկություն պարգևել միմյանց:

Ամուսնությունը կոչված է օրհնություն լինելու տղամարդու և կնոջ համար. ամուսինները ընտանիքում պետք է անդորր և հանգստություն գտնեն: Մինչդեռ հաճախ ընտանիքը դժբախտության աղբյուր է դառնում: Պատճառն այն է, որ տունն իր մեջ բաժանված է: Ամուսինն ու կինը տարբեր հետաքրքրություններ ունեն: Ամուսինը կապված է իր աշխատանքի կամ հեռուստացույցի հետ, իսկ կինն այլ զբաղմունք ունի. նրանք ոչ մի  ընդհանուր բան չունեն:

Ասում են՝ երեխան ամրացնում է ընտանեկան կապերը: Սակայն ամուսինները պետք է միմյանցից կախված լինեն, ոչ թե երեխաներից:

Մենք՝ քրիստոնյաներս, պետք է կառուցենք աստվածապաշտ ընտանիքներ: Այսօր ուժեղ հարձակում կա ընտանիքների դեմ: Ուստի պետք է զգոն լինենք և աղոթենք ընտանիքների ամրության և միաբանության համար, որ իրենց ներսում չբաժանվեն: Աստծո Խոսքն ասում է. “Եթե մի տուն իր մեջ բաժանվի, այն տունը կարող չէ կանգնել”:

Սիրելի՛ս, եթե զգում ես, որ քո տունն իր մեջ բաժանված է, եթե դու և կողակիցդ ապրում եք մի տանիքի տակ, բայց առանձին հետաքրքրություններ և կյանք ունեք, ժամանակն է սթափվելու և վերականգնելու ձեր միաբանությունը: Չէ՞ որ ձեր ամուսնական կյանքն այդպես չեք սկսել: Հիշե՛ք ձեր առաջին սերը, վերականգնե՛ք ձեր ընտանիքը. մի՛ մնացեք բաժանված, որ ձեր տունը չքանդվի:

Թող Աստված օրհնի ձեր ընտանիքը: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: