Ելից գրքում նկարագրված է, թե ինչպես Աստված Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսից և առաջնորդեց Խոստացված երկիր: Նա գնում էր ժողովրդի առջևից՝ ցերեկը ամպի սյունով նրանց ճանապարհ ցույց տալու համար, իսկ գիշերը կրակի սյունով նրանց լույս տալու համար, որ ցերեկ ու գիշեր գնան: Եվ, ինչպես գիտենք, նրանց ընթացքը չդադարեց. նրանք դուրս եկան անապատից:

Սիրելինե՛ր, սա մեզ համար հրաշալի օրինակ է, որովհետև մենք այս տարի որոշում ենք կայացրել նվիրվելու Տիրոջ ծառայությանը: Աստված նույնն է` երեկ, այսօր և հավիտյան. Նա այսօր էլ հրաշքներ է գործում Իր ժողովրդի կյանքում: Եվ ես հավատացած եմ, որ Նրա առաջնորդությունը ցերեկ ու գիշեր մեզ հետ կլինի: Եթե մեր սիրտը օրվա քսանչորս ժամն էլ Տիրոջ հետ լինի, մեր ընթացքը երբեք չի դադարի:

Վերջերս տոնում էինք Սուրբ Ծնունդը: Զարմանալի է, որ շատ մարդիկ Քրիստոսի ծնունդը տոնելով հանդերձ հավատում են հորոսկոպներին: Նրանք չեն գիտակցում, որ այդպես վարվելով՝ իրենց կյանքում Քրիստոսի առաջնորդությունը չեն ունենա: Մենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է նվիրված լինենք Տիրոջը:

Եկեք այսօր որոշում կայացնենք՝ թոթափելու այս աշխարհի գերության լուծը և հետևելու Աստծուն, որպեսզի Նա փառավորվի մեր մեջ, իսկ մենք՝ Նրա: Այդ ժամանակ Աստված մեզ օր ու գիշեր կառաջնորդի:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: