Հիսուսը մի առակ պատմեց իմաստուն և հիմար կույսերի մասին, որոնք դուրս էին եկել իրենց փեսային դիմավորելու: Իմաստուն կույսերն իրենց լապտերների համար յուղ էին վերցրել, իսկ հիմարները՝ ոչ: Երբ փեսան ուշացավ, նրանք քնեցին: Եվ կեսգիշերին աղաղակ եղավ՝ ահա փեսան գալիս է…

Փեսան Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է: Իսկ ովքե՞ր էին իմաստուն և հիմար կույսերը: Ես եղել եմ տարբեր եկեղեցիներում: Յուրաքանչյուրը համոզված է, թե իմաստուններն իրենք են, իսկ հիմարները՝ մյուսները: 

Փաստն այն է, որ երբ փեսան ուշացավ, թե՛ իմաստուն, թե՛ հիմար կույսերը թմրեցին և քնեցին: Հիսուսը հենց դա է շեշտում այս առակում՝ կոչ անելով, որ արթուն լինենք:

Մենք պետք է արթուն լինենք, որ Տիրոջ գործերը գործենք և բաց չթողնենք այն օրհնությունը, որ վերջին օրերում պատրաստված է մեզ համար: Խոսքը Քրիստոսի գալուստի մասին է: Այս առակում բոլորը քնած էին՝ թե՛ իմաստունները, թե՛ հիմարները: Միակ տարբերությունն այն էր, որ իմաստունները յուղ ունեին, այսինքն՝ օծություն, իսկ հիմարները՝ ոչ:

Ես հավատացած եմ, որ վերջին օրերի եկեղեցին պետք է մեկ այլ բնութագիր ունենա: Գրված է. “Եվ կեսգիշերին աղաղակ եղավ… Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները պատրաստեցին”: Վերջին օրերի եկեղեցին աղաղակող եկեղեցին է, որ արթնացնում է թե՛ քնած իմաստուններին, թե՛ քնած հիմարներին:

Սիրելի՛ս, արթո՛ւն եղիր և աղաղակի՛ր, որ Հիսուսի գալուստը մոտ է: Թող մարդիկ քեզ լսելով՝ իրական ապաշխարություն վերապրեն և պատրաստվեն դիմավորելու Տիրոջը:

Հիսուսն ասաց. “Եթե սրանք լռեն, քարերն են աղաղակելու” (Ղուկ. 19.40): Ավելի լավ է աղաղակող քար լինել Տիրոջ եկեղեցում, քան քնած քրիստոնյա՝ լինի օծված, թե ոչ:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: