DAILY DEVOTION-am-1200-600

Ի՞նչ է նշանակում «ապրել Աստծո կամքի մեջ»: Օրինակ, երբ երեխաներս անչափահաս էին, իմ լիակատար կամքի մեջ էին ապրում: Նրանք երջանիկ էին, որովհետև անում էին այն, ինչ ես էի ասում, գնում էին այնտեղ, ուր ես էի տանում: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նրանք ապրեին իրենց կամքով. օրերով քաղցած կմնային, միայն կոնֆետ կուտեին, ժամանակին չէին քնի: Իմ կամքից դուրս՝ նրանց վտանգ էր սպառնում: Նույնը կարելի է ասել մեր և Աստծո փոխհարաբերությունների մասին:

Մի անգամ Ղազախստանում հանդիպեցի մի աղջկա, ով եկել էր Կանադայից և բնակվում էր ույգուրների մեջ: Ույգուրները թրքալեզու ժողովուրդ են, ապրում են յուրտերում: Ես այդ աղջկան հարցրի, թե ինչն է ստիպել իրեն, որ գա և բնակվի այդ երկրում: Նա պատասխանեց. «Ինձ համար ամենալավ «երկիրը» Աստծո կամքն է: Այստեղ ես ապրում եմ Աստծո կամքի մեջ: Ես ծնվել եմ այս ժողովրդի համար և սիրում եմ նրանց»:

Սիրելինե՛ր, շատ կարևոր է հասկանալ, թե որն է Աստծո կամքը մեզ համար: Այսօր մեր ծանոթներից շատերը մեկնում են ԱՄՆ կամ Եվրոպա` կարծելով, թե այնտեղ դրախտային կյանք կգտնեն: Սիրտս ցավում է այդ մարդկանց համար, որովհետև նրանք չեն հասկացել, թե որն է Աստծո արքայությունը: «Զուռնայի ձայնը հեռվից քաղցր է լսվում»:

Հիսուսը, թողնելով երկնային փառավոր կյանքը, եկավ այս աշխարհ, որպեսզի կատարի Աստծո կամքը: Նա ասում էր. «Ես երկնքից իջա ոչ թե Իմ կամքը կատարելու, այլ Նրա, որ Ինձ ուղարկեց» (Հովհ. 6.38):

Աստծո կամքը ճանաչելու համար պետք է աղոթել և քննել Աստծո Խոսքը: Երբ Հիսուսը ընդամենը տասներկու տարեկան էր, տաճարում քահանաները զարմացել էին Նրա գիտելիքների վրա: Նա հիանալի գիտեր Աստծո Խոսքը: Գրված է, որ Նա անապատ տեղեր էր քաշվում և աղոթք անում (Ղուկ. 5.15,16):

Մենք էլ պետք է հաճախակի առանձնանանք և աղոթենք, քննենք և ճանաչենք Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը: Այդ ժամանակ կկարողանանք օգնել թե՛ մեզ, թե՛ ուրիշներին:

Հիսուսն ասաց. «Արդ դուք այսպես աղոթք արեք. Հայր մեր, որ երկնքում ես… Քո կամքը լինի» (Մատթ. 6. 9,10): Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: