Հիսուս Քրիստոսն այստեղ խոսում է Իր տաճարի մասին, որ պետք է աղոթքի տուն լինի ազգերի համար: Մենք երբեմն ազգայնացնում ենք Տիրոջ տունը, բայց եկեղեցին ազգային պատկանելություն չունի. այն աղոթքի տուն է բոլոր ազգերի համար, ուստի պետք է բաց լինի ցանկացած ազգի ներկայացուցչի առջև, որպեսզի բոլորն ազատ մտնեն և երկրպագեն Աստծուն:

Տերը կամենում է, որ Իր տունն իսկապես աղոթքի տուն լինի, ոչ թե ավազակների բույն, որտեղ ապրում են մեղքը, անօրենությունը, աշխարհիկ ցանկություններն ու հետաքրքրությունները: Սա վերաբերում է նաև մեր ներսի տաճարին: Չէ՞ որ Աստծո Խոսքն ասում է, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք, այսինքն՝ մեր մեջ Տիրոջ Հոգին է բնակվում:

Մենք պետք է մեզ հարց տանք` որքանո՞վ ենք մեր մարմինները ներկայացնում Տիրոջը որպես տաճար, արդյո՞ք Նա կարող է մեր մասին ասել. “Ահա Իմ աղոթքի տունը”:

Ես հավատացած եմ, որ ոչ միայն վաղ եկեղեցու քրիստոնյաներն արտոնություն ունեին կոչվելու աղոթքի տուն, այլև բոլոր ժամանակների, հատկապես՝ վերջին օրերի քրիստոնյաները: Յուրաքանչյուրս պետք է աղոթքի կյանք ունենանք, փառավորենք Տիրոջը մեր ներսում և հնարավորություն տանք Նրան՝ մեր աղոթքների միջոցով գործելու այս աշխարհում:

Սիրելինե՛ր, վերականգնե°ք Տիրոջ աղոթքի տունը: Համոզված եմ, որ եթե մեր ներսում աղոթքատուն լինի, դժոխքի դռները չեն կարող մեզ հաղթել: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: