Այսօրվա խոսքը մեզ մտածելու առիթ է տալիս: Աստվածաշունչն ասում է, որ ժողովուրդն իր շրթունքներով է պատվում Աստծուն, իսկ նրանց սիրտը հեռու է Նրանից:

Շատ վտանգավոր է, երբ մարդը, ճանաչելով Աստծուն, արժանի ձևով չի պատվում Նրան:

Տիրոջը հաճելի է ոչ միայն մեր շրթունքների երկրպագությունը, այլև՝ սրտի: Դա երևում է նաև Աստվածաշնչի այն հատվածից, որտեղ խոսվում է փրկության մասին. “Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապրես” (Հռոմ. 10.9):

Ինչպես տեսնում եք, փրկվելու համար անհրաժեշտ է սրտով հավատալ և բերանով դավանել: Հավատքը պետք է լինի նախ՝ մեր սրտում, հետո՝ մեր շուրթերի վրա:

Հետաքրքիրն այն է, որ ոմանք գնում են եկեղեցի, բայց չեն ցանկանում անձամբ մոտենալ Տիրոջը և իրենց ողջ սրտով երկրպագել Նրան: Տերն ասում է, որ նրանք մարդկանց սովորեցրածով են Իրեն պատվում:

Ես նկատել եմ, որ երիտասարդ սերունդն ավելի մեծ ձգտում ունի՝ հանդիպելու Տիրոջը, քան մեծերը: Ահա թե ինչու Աստծո Խոսքն ասում է. “Երիտասարդնե’ր, դուք հաղթեցիք չարին”:

Սիրելինե’ր, քանի տարեկան էլ լինեք, այնպես ապրեք, որ ձեր յուրաքանչյուր արարքն Աստծուն հաճեցնի: Այսօրվա իմ կոչն է, որ անձամբ մոտենաք Տիրոջը, աղոթեք և երկրպագեք Նրան, փորձեք ինքնուրույն Աստվածաշունչ կարդալ:

Հավատացե’ք և պատվե’ք Աստծուն ոչ միայն ձեր շրթունքներով, այլև ողջ սրտով: Այդ ժամանակ Նրա փայլը ձեզ վրա կլինի: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: