Երեկվա խոսքը մեզ ասում էր. “… հավատքն առանց գործերի մեռած է”, իսկ այսօր կարդում ենք շարունակությունը. “…եթե մեկն ասի, թե հավատք ունի և գործ չունենա. մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան”: Սատանան էլ է Աստծուն հավատում և վախենում է: Ի՞նչ օգուտ դատարկ հավատքից: 

Շատ մարդիկ  իրենց կյանքն անցկացնում են գիշերային ակումբներում, հարբում են, շնանում, թմրադեղեր օգտագործում, բայց ասում են. “Ես հավատում եմ Աստծուն”: Մի շնացող կին ասում էր. “Աստված իմ փրկիչն է”: Սակայն ի՞նչ օգուտ, եթե նա ոչինչ չէր անում Տիրոջը մոտենալու համար:

Մարդուն փրկում է այն հավատքը, որը գործեր ունի: Երբ մարդը, հավատալով Աստծուն, հեռանում է մեղքից, դա հավատքի գործ է: Եկեղեցի գնալը, աղոթելը, Աստծո Խոսքը կատարելը, բարեգործություն անելը, Տիրոջ համար ինչ-որ բան զոհաբերելը, ի վերուստ տրված տաղանդները Տիրոջը ծառայեցնելը հավատքի գործեր են: Իսկ եթե  մեկը կարծում է, թե հավատք ունի, բայց այս գործերը և սրանցից էլ ավելին չի անում, “մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան”:

Դատարկ հավատքը չի կարող փրկել մարդուն: Եկեք ոչ միայն հավատացողներ լինենք, այլ նաև գործողներ, ոչ միայն Խոսքը լսողներ, այլ նաև կատարողներ:

Թող Աստված գերբնական օրհնություններով լցնի ձեր կյանքը: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: