Ինչպես որ արդարությունը հասնում է կյանքին, նույնպես էլ չարությանը հետևողը` իր մահվանը:

Առակաց 11.19

Առակաց գրքում մի կարևոր ճշմարտություն է բացահայտվում, որին հետևելով` մենք ապահով կդարձնենք մեր ընթացքը: Գրված է, որ արդարությունը հասնում է կյանքին: Եթե ամեն ժամանակ քայլենք արդարության ճանապարհով՝ լինի եկեղեցում, ընտանիքում, աշխատավայրում, թե այլուր, հավիտենական կյանքը կժառանգենք: Նույնիսկ եթե սխալվում ենք կամ մեղք ենք գործում, պետք է ապաշխարենք, նորոգվենք և շարունակենք մեր ընթացքը: Բայց եթե արդարության դեմ ենք և չարություն ենք գործում, մեր վախճանը մահն է:

Այսպիսով, մարդը կանգնած է երկընտրանքի առջև՝ կյա՞նք, թե՞ մահ: Հիսուսն ասաց` նեղ է դուռը ու նեղվածք է ճանապարհը, որ տանում է դեպի կյանք: Մեր մարմինը՝ մարմնավոր էությունը, չի ցանկանում քայլել նեղ ճանապարհով: Աստծո Խոսքն ասում է, որ մարմինը երկնքի արքայությունը չի ժառանգելու. նա հող էր, և հող է դառնալու: Այդ պատճառով էլ ցանկանում է վայելել երկրային կյանքը և բարիքները:

Ինչ վերաբերում է հոգուն, ապա նա հավիտենական է. եթե մարմինն իր ուզածն անի այս երկրի վրա, հոգին հավիտյան կտանջվի դժոխքում: Ուստի մեր մեջ անդադար պայքար կա: Մարմինը հակառակ է հոգուն, իսկ հոգին՝ մարմնին:

Իսկ թե որ ուղղությամբ կգնա մեր շունչը, այսինքն՝ միտքը, զգացմունքները և կամքը, կախված է նրանից, թե մենք ինչ որոշում կկայացնենք՝ հետևել մարմնի՞ն, թե՞ հոգուն: Այսօր շատերը կանգնած են հենց այդ որոշման առջև:

Սիրելինե՛ր, ընտրե՛ք կյանքը: Ես դիմում եմ նաև հավատացյալներին. մշտապես խորհե՛ք արդարության մասին: Միգուցե դուք մեղքեր չեք գործում և համոզված եք, որ արդար եք, բայց քննե՛ք ձեր ընթացքը. որքանո՞վ եք քայլում հավատքի մեջ և արդարություն գործում:

Մի՛ քայլեք մահվան ճանապարհով: Մահը Քրիստոսին հավատացողների համար չէ: Մեզ համար հավիտենական կյանք է պատրաստված: Ընտրե՛ք կյանքի ճանապարհը, որն է Հիսուս Քրիստոսը:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: