Աստվածաշունչն ասում է, որ կյանքը մի շոգի է, որ մի քիչ ժամանակ կա և հետո չկա: Սա դառը ճշմարտություն է, որ մարդիկ չեն ցանկանում ընդունել: Շատերը գերադասում են լսել այն քաղցր սուտը, որ կյանքը դեռ առջևում է, և կարելի է  ուտել, խմել, քեֆ անել:

Իրականում, այս երկրի վրա մեր օրերը շատ կարճ են: Մարդիկ ամբողջ օրը զբաղված ենք իրենց գործերով, փորձում են ինչ-որ բանի հասնել, բայց, ցավոք, շատերին չի հաջողվում իրենց ծրագրերն ավարտին հասցնել: Այդ պատճառով էլ Հակոբոս առաքյալը մեզ խորհուրդ է տալիս, որ Տիրոջ կամքը փնտրենք և ասենք. “…եթե Տերը կամենա և ապրենք, այս բանը կամ այն բանը կանենք”:

Հիսուս Քրիստոսն ապրեց 33 տարի և մեզ ցույց տվեց, որ այս կարճ կյանքում հնարավոր է մեծ բաների հասնել: Նա 30 տարի կրթվեց, զարգացավ և Իր կյանքի վերջին 3 տարիների ընթացքում այնքան բան արեց, որ շատերը եթե երկու հարյուր տարի էլ ապրեն, չեն կարող անել: Հիսուսը լցված էր Աստծո Հոգով և ասում էր. “…Ես Իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրը սովորեցրեց Ինձ, այն եմ խոսում: …Ես միշտ Նրան հաճելի բաներն եմ անում” (Հովհ. 8.28, 29):

Սիրելինե’ր, փնտրե’ք Տիրոջ կամքը, որովհետև Նրա գալուստը մոտ է: Մենք շատ ցանկություններ և ծրագրեր ունենք, բայց արդյո՞ք դրանք հաճելի են Տիրոջը: Ամեն ինչում փնտրեք Նրա կամքը և վարվեք այնպես, ինչպես հաճելի է Նրան:

Թող Աստծո զորությունը ձեզ հետ լինի: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: