Յուրաքանչյուրիս կյանքում լինում են օրեր, երբ վախենում ենք ինչ-որ բանից՝ իրավիճակներից, դեպքերից, իրադարձություններից: Աստվածաշնչում գրված է. “Ինչ օր որ վախենամ, Քեզ կհուսամ…”:

Սիրելինե՛ր, եթե դուք այսօր վախենում եք ինչ-որ բանից, կամ եթե սարսափում եք վաղվա օրից, Աստծուն հուսացե՛ք, որովհետև առանց հույսի ոչ մի բանի չեք հասնի:

Մենք պետք է վստահենք Տիրոջ խոսքին և, ինչպես գրված է, գովենք Նրա խոսքը, որովհետև այդ խոսքն է, որ մեզ ազատագրում է վախից:

Իմ կյանքում եղել են օրեր, երբ վախեցել եմ` կարծելով, թե իրավիճակներն անհույս են, բայց երբ սկսել եմ կարդալ Աստծո խոսքը, վախը հեռացել է ինձնից, և լցվել եմ հաղթական տրամադրությամբ:

Հաղթական տրամադրություն ունենալը շատ կարևոր է, որովհետև դա մեզ օգնում է՝ հասնելու իրական հաղթանակների:

Գրված է. “Աստծուն եմ հուսացած, չեմ վախենա, ի՞նչ կանի ինձ մարմինը”: Մարդիկ մեզ ոչինչ չեն կարող անել, եթե մենք Աստծուն ենք ապավինում:

Երբեմն հենց մեր մարմինն է մեզ վախեցնում՝ իր տկարություններով, հիվանդություններով կամ մեղավոր ցանկություններով, բայց եթե մենք վստահում ենք Տիրոջը, մարմինը մեզ ոչինչ չի կարող անել:

Աստծուն հուսացե՛ք և ոչ մի բանից չեք վախենա: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: