Իսկ մարգարեացողը մարդկանց հետ շինություն և մխիթարություն և սփոփություն է խոսում:

Ա Կորնթացիներին 14.3

Ի՞նչ է նշանակում մարգարեանալ: Ոմանք “մարգարեանալ” ասելով՝ պատկերացնում են մարդկանց ձեռնադրել և հատուկ ձայնով ուղերձ հռչակել, որն սկսվում է “Այսպես է ասում Տերը…” խոսքերով: Ոմանք էլ կարծում են, թե մարգարեանալ նշանակում է հանդիմանել: Շատերն էլ խուսափում են մարգարեներից և մարգարեություններից, մինչդեռ Պողոս առաքյալն ասում էր` երանի բոլորը մարգարեանային:

Բոլոր սխալ պատկերացումների պատճառն այն է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է մարգարեությունը: Գրված է. “Իսկ մարգարեացողը մարդկանց հետ շինություն և մխիթարություն և սփոփություն է խոսում”: Ինչպես տեսնում եք, մարգարեությունը մարդկանց բարձրացնում է, այլապես այդ խոսքը ոչ թե Աստծուց է, այլ սատանայից:

Մի քույրիկի մասին մարգարեացել էին, թե նա հեռանալու է Աստծուց: Այդ մարգարեության մեջ չկար ո’չ շինություն, ո’չ մխիթարություն, ո’չ էլ սփոփություն: Ընդհակառակը` այդ խոսքերը կարող էին նրան խորտակել:

Սիրելինե’ր, ճշմարիտ մարգարեական խոսքով լցվեք, որպեսզի մարդկանց հետ շինություն, մխիթարություն և սփոփություն խոսեք: Թո’ղ Աստծո զորությունը ձեզ հետ լինի: Մարգարեացե’ք և մարդկանց բարձրացրե’ք, ոչ թե իջեցրեք:

Այսօր իմ սրտում մարգարեական խոսքեր կան, որոնք ցանկանում եմ ուղղել ձեզ. “Հավատացե’ք, որ ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: Դուք կարող եք հասնել ձեր երազանքներին: Իրականացրե’ք ինչ-որ մեկի երազանքները, և ինչ-որ մեկն էլ կիրականացնի ձեր երազանքները: Այս կյանքը շատ կարճ է, բայց մենք հավիտենական կյանք ունենք: Եթե հավատում եք Հիսուս Քրիստոսին, կարող եք հրաշալի կյանք ունենալ թե’ հիմա, թե’ հավիտենականության մեջ, որովհետև Նրա մեջ կգտնեք մխիթարություն, սփոփություն և շինություն”: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:a

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: