Ինչպե՞ս ենք մենք արձագանքում՝ հայտնվելով այս կամ այն իրավիճակում: Սովորաբար, զգացմունքներն առաջ են ընկնում և մեզ դրդում սխալ քայլերի: Սակայն ճիշտ որոշում կայացնելու համար հարկավոր է առանձնանալ “ներքին սենյակում”, աղոթել և խորհել, որովհետև աղոթքի ժամանակ ձերբազատվում ենք ավելորդ զգացմունքներից և ի վիճակի ենք լինում սառը դատելու:

Աստված միշտ էլ օգտակար խորհուրդներ ունի Իր զավակների համար: Ուստի, երբ հայտնվում ես դժվարության մեջ, երբ քեզ բամբասում, չարախոսում, հալածում են, երբեք ոչ մի քայլ մի՛ ձեռնարկիր զգացմունքների ազդեցության տակ:

Ես առիթներ եմ ունեցել՝ քարոզելու քրեակատարողական հիմնարկներում, զրուցելու բանտարկյալների հետ, և ինձ համար մի կարևոր հանգամանք եմ պարզել. հանցագործներից քչերն են նախապես ծրագրում իրենց արարքը, նրանց մեծ մասը հանցանք է գործում զգացմունքների ազդեցության տակ:
Ինքներդ էլ կարող եք վկայել, թե որքան քայլեր եք կատարել զգացմունքներից դրդված, իսկ հետո զղջացել դրանց համար:

Գրված է. “Իրավի որ Քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները”:

Սիրելինե՛րս, Աստծո Խոսքը մեր լավագույն խորհրդականն է: Եկեք ժամանակ չխնայենք աղոթելու և Աստծո Խոսքի շուրջ խորհելու համար: Այդ դեպքում ճիշտ որոշումներ կկայացնենք և կխուսափենք շատ ու շատ սխալներից: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: