Այս խոսքը մեզ հայտնություն է տալիս ապաշխարության մասին: Յուրաքանչյուրս ունենք ապաշխարության կարիք, ոչ միայն այն պահին, երբ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ենք ընդունում, այլև մեր ողջ կյանքի ընթացքում, երբ ինչ-որ սխալ ենք գործում:


 
«Ապաշխարություն» բառը նշանակում է` մտափոխվել, որոշում կայացնել, ետ դառնալ: Երեմիա մարգարեն ասում է. «Իմ դառնալուց հետո զղջացի…» Շատ կարևոր է, որ մենք զղջանք մեր արարքների համար, ոչ թե արդարանանք և ասենք. «Բոլորն անում են` ես էլ եմ անում»: Զղջալուց հետո պետք է խելոքանալ և այլևս չկրկնել նույն սխալը: 

Շատ մարդիկ հարբած ժամանակ այնպիսի բաներ են անում, որ հետո զղջում են իրենց արածների համար և որոշում են, որ այլևս չեն հարբի, բայց չեն կարողանում պահել իրենց որոշումը, որովհետև զղջալուց բացի պետք է խելոքանալ: 

Երեմիան ասում է. «…հետո զարկեցի իմ ազդրին, ամաչեցի և պատկառեցի»: Շատ կարևոր է, որ մեր մեղքերի համար զղջալուց բացի զարկենք մեր ազդրին, ամաչենք և պատկառենք: Եթե այսպես վարվենք, այլևս մեղք չենք գործի:

Գրված է. «…կրեցի իմ մանկության անարգանքը»: Մանկության անարգանքը, հիշողությունները բոլորիս վրա էլ հարձակվում են, և մենք այդ բեռը կրում ենք մեր ուսերի վրա: Սակայն ապաշխարությունից հետո Տերը մեզ ներում և բարձրացնում է: 

Սիրելի’ս, եթե դու զգում ես մեղքի ծանրությունը, ապաշխարի’ր, զղջա’ քո սխալների և մեղքերի համար, խելոքացի’ր, ամաչի’ր ու պատկառի’ր: Դա մեծ քայլ կլինի Տիրոջ աչքերում, և քո կյանքում կզգաս Նրա ներկայությունն ու առաջնորդությունը: 

Տերը օրհնի քեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: