Աստվածաշնչում գրված է, որ ծաղր անողները տակն ու վրա են անում քաղաքը: Ծաղրը ծնվում է անարգանքից: Եթե անարգանք չլինի, ծաղրանք էլ չի լինի:
Հաճախ կարելի է լսել, թե ինչպես են մարդիկ ծաղրի ենթարկում այս կամ այն երգչին, դերասանին կամ հանրահայտ մարդուն՝ դրանով իսկ ցույց տալով, թե որքան ցածր են գնահատում նրա արվեստը կամ գործունեությունը: Ես խոսում եմ ոչ թե հումորի, այլ ծաղրի, հեգնանքի մասին:
Սիրելինե՛ր, եթե մեկին ծաղրում եք, նշանակում է` նրան ձեզնից ցածր և թույլ եք համարում: Մենք յուրաքանչյուր մարդու պետք է ընդունենք և գնահատենք որպես Աստծո պատկերով ստեղծված անհատի: Հեռացրե՛ք ծաղրը ձեր շուրթերից և մի՛ համալրեք ծաղր անողների շարքերը:
Այսօր մեր շուրջն այնքան շատ է բամբասանք ու ծաղրը: Այդ պատճառով էլ ամեն ինչ տակն ու վրա է եղել. մարդիկ սկսել են պաշտպանվել միմյանցից:
Աստծո Խոսքն ասում է, որ իմաստունները բարկությունը կհանգստացնեն:
Ժամանակն է, որ իմաստուններն ու արդարները (նրանք, ովքեր արդարացած են Քրիստոսի արյունով և ծարավ են արդարության), խաղաղություն և հանգստություն բերեն ամենուրեք:
Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: