Երևի թե չկա մի մարդ, որ պատասխանատվություն չունենա ինչ-որ մեկի առջև, որովհետև գրեթե բոլորն էլ ինչ-որ տեղ աշխատում կամ ծառայում են: Աստծո Խոսքն ասում է` մի’ ծառայեք այնպես, որ մարդկանց աչքին երևաք:

Շատերն իրենց ղեկավարի աչքի առջև աշխատում են, բայց հենց նա գնում է, դադարում են աշխատելուց:

Գրված է` աշխատե’ք «սրտի միամտությունով, Աստծուց վախենալով»: Նշանակում է՝ մեզ պետք է այնպես դաստիարակենք, որ ոչ թե մարդահաճո, այլ քրիստոսահաճո մարդիկ լինենք: Այսինքն՝ մեր սրտերում նույնիսկ չմտածենք աչքի ընկնելու, մարդկանց աչքը մտնելու, ինչ-որ մեկին հաճոյանալու մասին:

Կարևոր չէ` ղեկավարդ քեզ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ. դու պարտավոր ես սրտի միամտությամբ ու անկեղծությամբ անելու այն աշխատանքը, որ քեզ վստահված է, և նույնիսկ ավելին անելու: Իմացիր՝  Աստված խոնարհներին բարձրացնում և շնորհք է տալիս:

Սիրելինե’րս, նույնը վերաբերում է Տիրոջ գործին: Քրիստոսը համբարձվելուց առաջ մեզ հանձնարարեց շարունակել Իր գործը: Անպայման չէ, որ Աստված մեր կողքին կանգնած լինի, որ կատարենք Նրա հանձնարարությունը: Մենք պետք է քայլենք լույսի մեջ` Աստծո Խոսքը տարածելով և Նրա գործերը գործելով:

Այսպիսով, եկեք ոչ թե աչք ծակելու համար աշխատենք, այլ սրտի միամտությամբ և անկեղծությամբ գործենք:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: