Այսօր շատ ճանապարհներ կան, որոնք մարդուն խոստանում են տանել դեպի հավիտենական կյանք. տարբեր կրոններ տարբեր ճանապարհներ են ցույց տալիս դրախտ հասնելու համար:
Քրիստոսը, գալով այս աշխարհ, չասաց, թե որ ճանապարհն է ճիշտ կամ սխալ, այլ հայտարարեց. “Ես եմ Ճանապարհը”:
Ոմանք իրենց կյանքի ընթացքում շատ բարի գործեր են կատարել և կարծում են, թե իրենց բարի գործերի շնորհիվ փրկություն կստանան: Մյուսները Հիսուսին չեն ընդունում, որովհետև այլ հավատք ունեն, և համոզված են, թե իրենց հավատքն է փրկության ճշմարիտ ճանապարհը:
Սակայն Աստվածաշունչն ասում է, որ միայն մեկ ճանապարհ կա, որ տանում է Հոր մոտ, և այդ ճանապարհն է Հիսուս Քրիստոսը: Եթե Նրան չընդունենք, երկինք գնալու ճանապարհ չենք ունենա:
Այս աշխարհում բոլոր մարդիկ ճշմարտություն են փնտրում, փորձում են հասկանալ, թե ով է ճիշտ և ով է սխալ: Ոմանք հեռանում են իրենց երկրից և բնակություն հաստատում մեկ այլ երկրում՝ կարծելով, թե այնտեղ կգտնեն ճշմարտությունը, սակայն շուտով հասկանում են, որ ոչ մի տեղ էլ ճշմարտություն չկա:
Ճշմարտությունը Հիսուսն է. ով գտնում է Հիսուսին, գտնում է ճշմարտությունը:
Հիսուսն է կյանքը. առանց Հիսուսի՝ կյանք չկա: Բոլորն էլ ցանկանում են ապրել, բայց ով Հիսուսին չունի, նա կյանքը չի վայելում, այլ պարզապես գոյատևում է:
Աստծո Որդին եկավ, որպեսզի մենք հավիտենական կյանք և ուրախություն ունենանք, ոչ թե բավարարվենք ժամանակավոր կյանքով և անցողիկ հաճույքներով:
Սիրելինե’ր, ընդունե’ք Հիսուսին, որ հավիտենական կյանք ունենաք: Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ամե’ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: