Հիսուսն էլ ասաց նրան. Սիրի°ր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր մտքով:

Մատթեոս 22.37

Աստծուն պետք է սիրենք ոչ միայն մեր ամբողջ հոգով, այլև մեր ամբողջ անձով և մտքով. մեր անձը, միտքը, սիրտը պետք է միաբանվեն: Այսօր շատ քրիստոնյաներ հոգով հավատում են, բայց նրանց միտքը պղծված է:

Մի կին խորհրդակցության էր եկել ինձ մոտ: Նա նկատել էր, որ իր ամուսինն անբարոյական ֆիլմեր էր դիտում, և նրանց ընտանիքը բաժանության եզրին էր հասել: Այդ կինը չէր կարողանում հասկանալ, թե ինչպես էր իր ամուսինը՝ լինելով հավատացյալ, նման բան անում: Ես փորձեցի բացատրել, որ այդ մարդը հոգով հավատացյալ է, իսկ մտքով` աշխարհիկ:

Սիրելի° քրիստոնյաներ, ժամանակն է, որ մտքով նույնպես քրիստոնյա դառնանք: Շատ անգամ մենք հոգով ծառայում ենք Հիսուսին, բայց մեր միտքը դիվային կապանքների մեջ է: Եկեք հավատանք և ծառայենք Տիրոջը ոչ միայն մեր ամբողջ սրտով, այլև մեր ամբողջ անձով և մտքով:

Երբ տղան ու աղջիկը որոշում են ամուսնանալ, նրանք իրենց ամբողջ սրտով, անձով և մտքով սիրահարված են լինում միմյանց. նրանք միմյանց համար են ապրում:

Ժամանակն է, որ մեր ամբողջ հոգով, անձով և մտքով սիրենք Տիրոջը: Սա պատվիրան է: Եկեք պահենք Աստծո պատվիրանը: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: