Մենք օրհնված կյանք ենք ունենում, երբ պահում ենք Տիրոջ պատվիրանները: Անցել են այն ժամանակները, երբ ասվում էր` աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ: Քրիստոսը մեզ նոր պատվիրան տվեց. «Ձեզ հալածողներին օրհնեցե’ք. օրհնեցե’ք և մի’ անիծեք»: 

Սիրելինե’ր, ի՞նչ օգուտ, եթե մեզ սիրողներին սիրենք: Երբ մեկը ձեզ հալածում է, օրհնե’ք նրան: Բարկությանը տեղ մի’ տվեք ձեր սրտում, որովհետև կսկսեք ատել, իսկ ատելությունը նման է կրակի: Աստծո Խոսքն ասում է, որ հնարավոր չէ կրակը պահել սրտի մեջ և չայրվել: 

Ատելությունն առաջին հերթին ձեզ է տանջում, ոչ թե ուրիշներին: Աղոթե’ք ձեզ  հալածողների համար, օրհնե’ք նրանց, և կազատվեք տանջանքից: 

Գրված է. «…Ուրախացողների հետ ուրախացե’ք, և լացողների հետ լացե’ք»: Շատ անգամ մարդիկ կրոնական երևալու համար ծայրահեղությունների մեջ են ընկնում: Նրանք չեն կարողանում ուրախանալ ուրախացողների հետ՝ մտածելով, թե դա աշխարհիկ մարդկանց է բնորոշ: Նրանք գնում են ուրախացողների մոտ և սկսում են տխուր բաներից խոսել: 

Սիրելինե’ր, տխրությունը հոգևոր լինելու չափանիշ չէ: Հոգևոր մարդը նա է, ով կարողանում է աղ և լույս լինել այս աշխարհում: Այնպես որ, ուրախացողների հետ ուրախացե’ք, իսկ լացողների հետ լացե’ք: 

Մի անգամ իմ ծանոթներից մեկի հարազատը մահացել էր, իսկ նա փորձում էր  ուրախ լինել և բոլորին ասում էր. «Փառք Աստծուն, նա գնաց Աստծո մոտ»: 

Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: Ավետարանում գրված է, որ Ստեփանոսի համար մարդիկ սուգ պահեցին. նրանք լաց էին լինում: Եկեք կատարենք Աստծո Խոսքը: Սիրենք և օրհնենք մեզ հալածողներին, ուրախացողների հետ ուրախանանք, և լացողների հետ լացենք: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: