Ձմեռային ճամբար Ծաղկաձորում

Փետրվարի 1-4-ը եկեղեցու երիտասարդական ծառայությունը Ծաղկաձորում կանցկացնի ձմեռային ճամբար, որին կարող են մասնակցել 16-28 տարեկան ցանկացողները:

Ճամբարում երիտասարդները կլսեն Աստծո Խոսք, կաղոթեն և կփառաբանեն Տիրոջը,  կվայելեն ձմեռային ակտիվ հանգիստ` արշավներ դեպի սարեր, ձմեռային խաղեր, բանավեճեր ամենատարբեր թեմաներով:

Աստծո Խոսքի հիմնական խոսնակները կլինեն հովիվ Արթուր Սիմոնյանն ու Մոսկվայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Մաթս-Օլա Իսհոյելը, ճամբարին ներկա են լինելու նաև հովիվներ Ալեքսեյ Ռոմանովն ու Սերգեյ Մարտյունիչևը:

Մեր եկեղեցու երիտասարդական ծառայության պատասխանատուներից Գասպար Վարդանյանի խոսքով` ճամբարի նպատակն այն է, որ երիտասարդները Աստծուց Խոսք ստանան ներկայի և ապագայի համար, զորացնեն իրենց հավատքի կյանքը և լցվեն Տիրոջ Սուրբ Հոգով:

«Ճամբարները բեկումնային ընթացք են յուրաքանչյուր երիտասարդի կյանքում: Այդ մի քանի օրերը շատերի համար ճակատագրական են դառնում: Ես գիտեմ երիտասարդ տղաների, ովքեր աշխարհիկ սովորություններով եկել են ճամբար, բայց փոխվել են և այսօր օրինակելի հավատացյալներ են, ծառայում են, սովորում Աստվածաշնչյան դպրոցում: Նրանց այսօրվա բնութագրերը ճամբարների պտուղն են»,- ասաց Գասպար Վարդանյանը:

Ճամբարի տեսիլքը հիմնված է Թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոս առաքյալի առաջին թղթի վրա.

«Եվ Ինքը` խաղաղության Աստվածը, ձեզ բոլորովին սրբացնի, և ձեր հոգին, շունչը և մարմինը անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակը» (5.23):

Մեր եկեղեցում ճամբարներ անցկացվում են շուրջ 14 տարի: Այս ընթացքում հարյուրավոր երիտասարդ ճամբարականներ վերապրել են Քրիստոսի սերը, ճանաչել Աստծուն նորովի, ապաշխարել, ազատագրվել և բժշկվել:

Եթե դու երիտասարդ ես և ցանկանում ես մասնակցել մեր եկեղեցու ձմեռային ճամբարին, ապա շտապի´ր, քանի որ տեղերը սահմանափակ են:

Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հարցաթերթիկ, որը կարող ես ձեռք բերել եկեղեցու գրասենյակից և շենքից:

Իսկ ճամբարում օրերն ավելի հետաքրքիր և ապահով անցկացնելու համար չմոռանաս վերցնել տաք հագուստներ, հարմարավետ սպորտային կոշիկներ և Աստվածաշունչ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: