Այսօր ողջ աշխարհում շատացել է չարությունը: Մարդիկ չեն մտածում միմյանց օգնելու մասին: Կյանքը դարձել է եսասիրական: Ամեն մեկը մտածում է միայն իր շահի մասին: Շատերը սրտացավություն չունեն նույնիսկ իրենց երեխաների, ծնողների և հարազատների հանդեպ: Ցավալի է, բայց մարդկանց մեծամասնությունը չարություն է խորհում և գործում:

Սա սատանայի ձեռագիրն է, որովհետև մարդ արարածն ստեղծվել է Տիրոջ պատկերով և նմանությամբ, որպեսզի սիրի, օգնի և բարձրացնի ուրիշներին:

Աստծո Խոսքը մեզ զգուշացնում է, որ չար ընկերակցություններն ապականում են բարի վարքը: Ես դեպքեր գիտեմ, թե ինչպես են անմեղ մարդիկ կռվի մեջ ընկել իրենց ընկերների պատճառով և զոհ դարձել:

“Չար ընկերակցություններ” ասելով` Աստվածաշունչը նկատի ունի ոչ միայն ֆիզիկական ընկերակցությունները, այլև հոգևոր: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ երեխան՝ այդ բարի, ազնիվ ու անմեղ արարածը, ով բոլորին սիրում ու ժպտում է, ժամանակի ընթացքում սկսում է չարանալ: Պարզապես, նա սատանայի ազդեցության տակ է ընկնում. հաղորդակցվում է հոգևոր չար ուժերի հետ և չար մտքեր ստանում:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Օրինակ` շատ ընտանիքներում երեխաները մեծանում են հեռուստացույցի բացասական ազդեցության տակ՝ դիտելով վատ ֆիլմեր և հաղորդումներ, որոնք քարոզում են պղծություն, դաժանություն, մարդասպանություն: Նմանօրինակ ֆիլմերն ու հաղորդումներն ապականում են երեխայի բարի վարքը:

Սիրելինե՛ր, հեռացե՛ք չար ընկերակցություններից, ձեր երեխաներին մեծացրե՛ք Աստծո Խոսքով լցված մթնոլորտում՝ նրանց մեջ սերմանելով սեր, սրբություն, բարություն: Ունեցե՛ք բարի ընկերակցություններ, և Տերը կօրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: