Փետրվարի 28-ի և մարտի 1-ի եկեղեցական ծառայություններին իր պատգամով կիսվեց մեր սիրելի Բագրատ Բեկչյանը:

Խոսելով Աստծո հանդեպ հավատքի և վստահության կարևորության մասին՝ նա նշեց, որ շատ հեշտ է ուրախանալը, երբ մեր կյանքում ամեն բան լավ է: Իրավիճակը փոխվում է, երբ խնդիրներ են ի հայտ գալիս:

Իրականությունն այն է, որ երբեմն Աստված թույլ է տալիս՝ որոշակի իրավիճակներ վերապրել, որպեսզի սովորենք վստահել Նրան: Հովիվ Բագրատի խոսքով` հարցն այն չէ, թե քանի անգամ ենք լսել, որ Աստված մեզ հետ է, այլ այն՝ արդյոք մեր սրտերում կա՞ Տիրոջը վստահելու գաղափարը, թե՞ ոչ:

«Ամեն իրավիճակում վստահել Աստծուն՝ նշանակում է ունենալ այնպիսի սիրտ, որը ցանկացած իրավիճակում հավատարիմ կմնա»,- իր խոսքում նշեց հովիվ Բագրատը:

Օրինակ բերելով Դանիելի մարգարեության 3-րդ գլխում ներկայացված 3 ընկերների պատմությունը՝ նա կարևորեց այն վստահությունը, որ նրանք ունեին Աստծո հանդեպ: Նրանց իրավիճակից բացարձակապես ելք չկար, բայց նույնիսկ մահվան հնոցում Միսաքը, Սեդրակն ու Աբեդնագովը շարունակեցին հավատալ և վստահել Աստծուն.

«Ահա մեր Աստվածը, Ում մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, և քո ձեռքից էլ, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ» (Դանիել 3.17):

«Երբ թվում է՝ լուծում չկա, հիշի՛ր՝ Աստված քեզ հետ է: Այդ «կրակի հնոցում» Հիսուսը քեզ հետ է: Նա կարող է ազատել քեզ»,- ասաց հովիվը:

Երբ Քրիստոսի արյամբ «լուծում ես մեղքերիդ հարցերը» և աղաղակում Աստծուն, Նա քեզ օգնում է: Կույր Բարդուղիմեոսը բժշկվեց՝ պարզապես հավատքով աղաղակելով Հիսուսին: Նա հավատաց, որ Հիսուսի Խոսքն ունի զորություն:

Խոսելով հավատքի մասին՝ հովիվ Բագրատն ասաց, որ հավատքը սրտի խորին համոզմունքն է, որը կապ ունի Աստծո Խոսքի և խոստմունքի հետ: Մեր հավատքը նաև հնարավորություն է տալիս՝ գրավելու Հիսուսի ուշադրությունը: Այն Աստծո Խոսքի հանդեպ կատարյալ համոզվածությունն է, գիտակցումն այն բանի, որ Հիսուսի Խոսքն անպատասխան ետ չի դառնում:

«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛»,- կոչ արեց հովիվ Բագրատը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: