Միայն հավատա և հրաշքներ կտեսնես

Հուլիսի 11-ի և 12-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց ավագ հովվի օգնական Բագրատ Բեկչյանը, ում պատգամը Տիրոջը վստահելու և չվախենալու մասին էր: Օրինակներ բերելով աստվածաշնչյան «հաղթող-հերոսների» կյանքերից` հովիվ Բագրատը կոչ արեց՝ վստահել Տիրոջ Խոսքին և երբեք վախին տեղ չտալ:

«Երբ որ քո թշնամիների դեմ դուրս գաս պատերազմի և տեսնես ձիեր և կառքեր, քեզնից շատ ժողովուրդ, նրանցից չվախենաս, որովհետև քո Եհովա Աստված քեզ հետ է, որ քեզ եգիպտացիների երկրից հանեց» (Երկր. Օր. 20.1):

Տիրոջ Խոսքի համաձայն՝ Ամենակարող Աստված մեզ հետ է և թույլ չի տա, որ անլուծելի թվացող խնդիրները մեզ տապալեն: Բոլոր դեպքերում մենք ենք որոշում՝ հավատա՞լ Տիրոջ Խոսքին, թե՞ ոչ:

Աստծո կամքն է, որ ցանկացած խնդրի ժամանակ ապավինենք Տիրոջը, լսենք Իր Խոսքը և տեսնենք Իր փրկությունը: Վախը ներքին համոզվածություն է, որ գալիս է այն ամենից, ինչ տեսնում ենք: Այն փակում է դռներն Աստծո համար, իսկ հավատքը բացում է:

«Ինչ խնդրի առջև էլ այսօր կանգնած լինես, իմացի՛ր, որ Աստված չի թողնի քո ուժերից վեր փորձվես: Նա քեզ հետ է՝ օգնելու հաղթահարել ցանկացած դժվարություն,- կոչ արեց քարոզիչը,- միայն հավատա, և հրաշքներ կտեսնես քո կյանքում: Թող քո հավատքը հիմնված լինի Աստծո Խոսքի վրա»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: