Փետրվարի 21-ին և 22-ին մեր եկեղեցին իր հարկի տակ հյուրընկալեց Շվեդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Յոհակիմ Լյունդկվիստին:

Ծառայությունների ընթացքում ավագ հովիվն իր պատգամով կոչ արեց՝ հրաժարվել այն մտքերից ու ցանկություններից, որոնք կարող են հեռացնել Աստծուց: Նրա խոսքով՝ մեղքը չի սկսվում սատանայից, այլ՝ մեր ներսից, երբ թույլ ենք տալիս, որ ցանկություններն ու մտքերն իշխեն մեզ:

Հովիվ Լյունդկվիստը նորահավատների հավատքը համեմատեց գնումների դատարկ սայլակի հետ. այն թեթև է, հեշտությամբ առաջ է շարժվում, իսկ մենք ուրախ և հանգիստ փառք ենք տալիս Աստծուն: Սակայն, երբեմն մեր ունեցածի համար գոհանալու փոխարեն տեղ ենք տալիս այլևայլ ցանկություններին, և ծանրացնում ենք մեր կյանքի «սայլակը»:

Շատ քրիստոնյաներ իրենց «լցված սայլակների» ծանրությունից կորցնում են ուրախությունը և սկսում են տրտնջալ: Նրանք դժվարությամբ են վերահսկում «սայլակի ճանապարհը», ինչի արդյունքում դառնում են մեղքի հանդեպ խոցելի:

«Մենք կարիք ունենք սովորել հաղթող լինելու սկզբունքը»,- իր խոսքում նշեց հովիվ Լյունդկվիստը: Աստված տվել է մեզ զենքեր, որոնք դեռ պետք է օգտագործենք: Եթե ուշադրություն դարձնենք Ավետարանի շատ հերոսների կյանքին, ապա կնկատենք, որ ով որոշում է կայացրել հետևել Հիսուսին, իր ետևում շատ բաներ է թողել: Այլ խոսքով՝ նախապես դատարկել է սեփական «սայլակը»:

«Աղոթի՛ր, խոստովանի՛ր մեղքդ, դատարկի՛ր սայլակդ և դուրս մի՛ մնա պատմությունից»,- հենց այս կոչով էլ իր պատգամը եզրափակեց հովիվ Լյունդկվիստը:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: