Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան, և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն, այլ կենդանի Աստծո վրա, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար:

Ա Տիմոթեոս 6.17

Աստվածաշունչը դիմում է ողջ աշխարհի մարդկանց, հատկապես՝ հարուստներին, որ չգոռոզանան և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն: Շատ հարուստներ հպարտ են, և նրանց հույսն իրենց հարստությունն է: Բայց եթե Տերը մարդուն չօրհնի ու չպահպանի, փողը, հարստությունը կամ կապերը նրան չեն օգնի: Գրված է. “…եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը” (Սաղմ. 127.1):

Հարուստ լինելը մեղք չէ, պարզապես չպետք է հարստությունով հպարտանալ: Մենք պետք է Տիրոջով հպարտանանք, և մեր հարստությունը պետք է Նրան ծառայի: Մենք պետք է վայելենք մեր ունեցածը, ոչ թե գոռոզանանք:

Սուրբ գիրքն ասում է. “Ես ամբարիշտը տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես լայնատարած դալար ծառ, բայց մեկ էլ անցնելիս ահա չկար նա…” (Սաղմ. 37.36): Ոչ ոք չի կարող պաշտպանել մարդուն սրտի կաթվածից կամ հանկարծահաս աղետներից: Ահա թե ինչու Աստվածաշունչը զգուշացնում է, որ մեր հույսը կենդանի Աստծո վրա դնենք, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար:

Որոշ քրիստոնյաներ կարծում են, թե աղքատությունը բարեպաշտության նշան է: Նրանք հռչակում են այսօրվա խոսքի միայն առաջին մասը. “Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան…”: Սակայն այս խոսքի ամբողջական իմաստն այն է, որ հարստությունը գոռոզանալու համար չէ. Տերը մեզ առատություն է տալիս, որպեսզի վայելենք և ծառայենք Իրեն, ոչ թե հպարտանանք:

Եղեք օրհնված: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: