Ահա և ավարտվեց նաև մեր երիտասարդական կոնֆերանսը: Մի քանի հրաշալի օրերի ընթացքում երիտասարդներն ունեցան անկրկնելի, ուրախ և Աստծով լցված ժամանակ: Հոգով և ցնծությամբ փառաբանություն, ոգևորիչ և բարձրացնող քարոզներ, զվարճալի տեսանյութեր, հետաքրքիր խաղեր, անկրկնելի երաժշտական և թատերական համարներ, գեղեցիկ անակնկալներ և, իհարկե, հզոր գիշերային աղոթք:

Այս կոնֆերանսի շրջանակներում մասնակիցներն ունեցան հաճելի շփում, ձեռք բերեցին նոր ընկերներ, ինչպես նաև սովորեցին չհանձնվել և գնալ առաջ, հաստատվեցին Քրիստոսի սիրո մեջ և որոշում կայացրին՝ իրենց տաղանդներով և ունակություններով ծառայել Աստծուն և փառք բերել Տիրոջը:

Վերջին օրը՝ առավոտյան, երիտասարդներին կրկին ծառայեց Միշա Ֆոմենկոն, ով խոսեց ծառայող և ավագ լինելու մասին՝ կարևորելով այն գծերը, հատկանիշներն ու վարվելակերպը, որ պետք է ունենա յուրաքանչյուր ծառայող:

Այնուհետև փոքր ընդմիջումից հետո Համլետ Արսենյանը կոչ արեց՝ չընդունել սատանայի սուտը և չհավատալ, որ Աստված թողել է մեզ: Տերը միշտ մեզ հետ է և չի պատրաստվում լքել մեզ:

Իսկ արդեն օրվա վերջում, մեր շատ սիրելի հովիվ Արթուր Սիմոնյանը խոսեց այն 4 սկզբունքների մասին, որոնք հնարավորություն կտան մեզ՝ ձեռք բերել հաճություն և  շնորհք. 1. Քո հասկացողությանը մի՛ վստահիր, վստահի՛ր Տիրոջը, և արա այն, ինչ Նա է ասում: 2. Ճանապարհներդ Աստծո՛ւն հանձնիր: 3. Քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր: 4. Պատվի՛ր Տիրոջը (Առակաց 3. 4-10):

Եթե պահենք այս չորս բաները, Տիրոջ զորությունը, օծությունն ու օրհնությունը մեզ վրա կլինեն:

Երիտասարդական կոնֆերանսն ավարտվեց հզոր գիշերային աղոթքով: Ամբողջ գիշեր երիտասարդներն արթուն մնացին և աղոթեցին իրենց երկրի, ընտանիքի,  հարազատների և ընկերների փրկության և արթնության համար: Այդ զոհի վրա իսկապես իջավ Աստծո կրակը: Իսկապես հրաշալի էր ամբողջ գիշեր լինել Տիրոջ ներկայության մեջ:

Այսպիսով, մեր կոնֆերանսն ավարտվեց, սակայն առջևում երիտասարդական ծառայություններն են: Բաց մի՛ թող հնարավորությունը և միացի՛ր մեզ ամեն չորեքշաբթի՝ ժամը 16:30-ից, եկեղեցու շենքում:

   

   

   

   

   

   

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: