Աստված խոստանում է Իր ժողովրդին այնպիսի սիրտ տալ, որ Իրեն ճանաչեն: Այս խոսքն իրականանում է մեր ժամանակներում: Այսօր շատերը մկրտվում են Սուրբ Հոգով, նրանց սիրտը նորոգվում է, մտածելակերպն ու կյանքը փոխվում:

Մինչև Հիսուս Քրիստոսի գալը՝ մարդիկ Աստծուն ճանաչում և մոտենում էին օրենքի միջոցով, իսկ այսօր մենք կարող ենք նոր սիրտ ունենալ և մեր սրտում ճանաչել Նրան:

Սիրելինե’ր, առանց Քրիստոսին ընդունելու, Աստծո հետ հանդիպելու և հաղորդակցվելու հնարավոր չէ նոր սիրտ ունենալ: Մենք պետք է Քրիստոսին ընդունենք որպես մեր սրտի թագավոր, խնդրենք, որ Նա դառնա մեր Տերը: Այդ ժամանակ Աստված մեզ նոր սիրտ կտա:

Եկեղեցուն հավատալը և Աստծուն հավատալը տարբեր բաներ են: Կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գնում, բայց Աստծուն չեն հավատում: Նախևառաջ՝ պետք է Աստծուն հավատալ, հետո՝ եկեղեցի գնալ: Գրված է. “…որովհետև իրենց բոլոր սրտով Ինձ պիտի դառնան”: Եթե ամբողջ սրտով Աստծուն դառնանք, Նա խոստանում է լինել մեր Աստվածը:

Միգուցե դու քրիստոնյա ես, բայց քո սիրտն ամբողջությամբ նվիրված չէ Աստծուն: Ամբողջ սրտով նվիրվի’ր Նրան և երբեք չես զղջա դրա համար: Ընդհակառակը, Աստծո բարիքները, փառքն ու արքայությունը կտեսնես քո կյանքում:

Եղիր օրհնված: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: